Կարեն Ասմարյան. «Բավարար միավորներ վաստակելու դեպքում սպիտակ քարտով կմասնակցենք Օլիմպիական խաղերին»
Հայ վոլեյբոլիստների համար առաջիկա 2 ամիսները հագեցած կլինեն մրցաշարերով: Թեև տարվա ավարտը մոտ է, սակայն աշխատանքները ֆեդերացիայում դեռ շարունակվում են: Ավելին` մշակվում են նոր ծրագրեր` մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասսայականացնելու համար: Այս մասին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Panorama.am.- Պարոն Ասմարյան, օրերս ավարտվեցին վոլեյբոլի 2016 թ. կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունները: Թիմերի պատրաստվածությունը բավարա՞ր էր:
Կարեն Ասմարյան.- Այս տարի տարանջատել էինք տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները: Երկուսն էլ անցան հետաքրքիր, լարված ու համառ պայքարում: Թիմեր կային շատ լավ էին պատրաստված, իսկ որոշներն էլ սպասվածից վատ հանդես եկան: Մարզերի թիմերին թույլատրել էինք մասնակցել առաջնություններին այն հույսով, որ իրենք ավելի լավ պատրաստվեին, բայց այդ հարցում երևի թե շտապեցինք: Հաջորդ տարի այլ ձևով կաշխատենք նրանց հետ: Իսկ ահա Երևանի թիմերն արդարացրին սպասելիքները: Նրանք մարզվում են, աշխատում են, մոտիվացիա ունեն և արդյունքն ակնհայտ է:
Panorama.am.- Գո՞հ եք արդյունքներից:
Կարեն Ասմարյան.- Անչափ հետաքրքիր ստացվեցին թե տղամարդկանց, թե կանանց եզրափակիչ հանդիպումները: Կանանց առաջնության հաղթող ճանաչվեց Երևանի ԽՄՕՄՄ-ն: Տղամարդկանց չեմպիոն դարձավ Երևանի ՖԻՄԱ-ն: Տղամարդկանց պայքարում շատ լարված ընթացավ նաև 3-րդ տեղի հանդիպումը: Հաղթեցին դպրոցականները, սակայն խաղափուլերում 6 միավորի առավելությամբ 3-րդ տեղ գրավեց Դինամո-Նոր-Նորք թիմը: Ընդհանուր առմամբ` առաջնություններն անցան լարված ու անզիջում պայքարում:
Panorama.am.- Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր կան:
Կարեն Ասմարյան.- Այժմ թիմերը պատրաստվում են նոյեմբերի 4-6-ը Երևանում կայանալիք Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի պատանեկան 2-րդ միջազգային հուշամրցաշարին, հետո կմասնակցենք Հայաստանի գավաթի խաղարկությանը, ուսանողական խաղերին, ձմեռային վոլեյբոլ, իսկ դեկտեմբերին կմասնակցենք Հայաստանի և վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթին։ Այսինքն մենք անդադար աշխատում ենք: Ընթացքը հագեցած է:
Panorama.am.- Ինչպե՞ս կգնահատեք ֆեդերացիայի վերջին տարիներին կատարած աշխատանքը:
Կարեն Ասմարյան.- 2013 թ. սկսած Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մեծ աշխատանքներ է կատարել: Ամրապնդվել են կապերը միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների հետ: Մենք մեծ քայլ ենք կատարել դեպի առաջ: Այս տարի առաջին անգամ մասնակցել ենք լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը: Այն երազանքների կատարման մի կետ էր, որն իրականացավ: Հիմա անհրաժեշտ է միավորներ վաստակել, որպեսզի հնարավորություն ունենանք սպիտակ քարտով մասնակցել Օլիմպիական խաղերին:
Panorama.am.- Հաշվի առնելով այդ ամենը` կարո՞ղ ենք ասել, որ մարզաձևը Հայաստանում զարգացում է ապրում:
Կարեն Ասմարյան.- Կյանքում մաքսիմալիստ եմ, միշտ դժգոհ եմ իմ աշխատանքից և ձգտում եմ ավելիին, սակայն այն հանգամանքը, որ այս տարի կարողացանք ինքնուրույն լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնել, որը մեծ արձագանք ստացավ, արդեն դրական քայլ է: Այս տարի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ֆեդերացիաների հետ, մյուս տարի իրենք կժամանեն Երևան, դա մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, սակայն արձագանքը մեծ է և հույս ունենք, որ հաջորդ տարի ավելի լայնամասշտաբ միջազգային մրցաշար կկազմակերպենք: Մեր կատարած աշխատանքի արդյունքն այն է, որ մեր երեխաներն արդեն ցանկանում են զբաղվել վոլեյբոլ մարզաձևով: Միայն այն փաստը, որ 2017 թ. վաստակել ենք Եվրոպայի 3 առաջնություններին մասնակցելու իրավունք, արդեն խոսում է այն մասին, որ մենք շարժվել ենք առաջ` ավելի վստահ քայլով»:
Panorama.am.- Հաջորդ տարի ի՞նչ ծրագրեր կան:
Կարեն Ասմարյան.- Հաջորդ տարվա նպատակները մեծ են: Ինչպես արդեն ասացի, պլանավորում ենք մասնակցել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի 3 առաջնությունների, միջազգային մրցաշարերի և այլն: Հունվարի 10-ից կրկին կսկվեն առաջնությունները: Նախատեսել ենք լողափնյա վոլեյբոլի կանոններով մարզադաշտում անցկացնել մրցումներ, այսինքն` մինչև եղանակների տաքանալը մարզավիճակը չկորցնելու համար խաղացողները կշարունակեն մարզվել ու խաղալ: Այս պահին մենք աշխատում ենք նոր` 2018 թ. ծրագրի իրականացման վրա` մարզաձևը զարգացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան