Այսօրվա մեր հնարավորություններով լավ պաշտպանված ենք. Կիրո Մանոյան
«Հայկական կողմից հնչող հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը խոսում են այն մասին, որ քննարկումները գնում են զինադադարի ռեժիմն ամրապնդելու, վերահսկողությունը հզորացնելու ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ հարցի ըստ էության քննարկումներ տեղի չեն ունենում, որովհետև, ինչպես հայկական կողմն ասել էր Վիեննայի հանդիպմանը, անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ, որտեղ կարելի է խոսել հարցի կարգավորման մասին:
«Հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նորություններ չկան: Համանախագահները լավատես են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի սկզբին կհանդիպեն: Չեմ կարծում, որ դրան անմիջապես հաջորդի նախագահների հանդիպում: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ նախագահների հանդիպում չի լինի»,- ասաց Կ. Մանոյանը:
Նա նշեց, որ համանախագահներն ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը՝ համեմատաբար հանդարտություն, ներկայացնում են որպես փոքրիկ առաջընթաց, դրական քայլ, բայց չափանիշն ապրիլը չէ, այլ զինադադարի պայմանագիրը, զինադադարը վերահսկելու նոր առաջարկվող մեխանիզմները:
Կ. Մանոյանը հակառակորդի կողմից ապրիլյան փորձի նման փորձերը չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում՝ «քանի որ ապրիլին պատասխան ստացավ ու գնաց Մոսկվա՝ խնդրելու վերականգնել զինադադարը»:
«Ադրբեջանը տեսավ, թե ինչ կլինի մեր հակազդեցությունը: Սակայն նաև տեսանք կրկին նույն մանկական պահվածքը, երբ համանախագահները պետք է գային տարածաշրջան, կրկին դիվերսիոն փորձեր էին նախաձեռնել: Եթե Ադրբեջանը մտածում է, ապրիլյան ծավալների փորձ չի անի, իսկ եթե չի մտածում, ամեն ինչ էլ կարող է անել: Դրա դեմն առնելու լավագույն միջոցն այն է, որ մենք միշտ պատրաստ լինենք: Այսօրվա մեր հնարավորություններով լավ պաշտպանված ենք: Իհարկե, անելիքներ ունենք, նոր բաներ պետք է ձեռք բերել: Հույսը պետք է դնել մեր վրա»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը: