ԼՂՀ Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի սկզբին
Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագծի քննարկումները թևակոխել են վերջնական ճշգրտումների փուլ: Այդ մասին այսօր Արցախի խորհրդարանում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով և առաջարկներով:
Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանարապետության նախագահին պետք է ներկայացվի մինչև նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները: