Դատապարտյալը ևս մեկ իրավունքի անհրաժեշտություն ունի. Սուրեն Քրմոյան
Ազգային ժողովում քննարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ինչպես նաև քրեական պատիժների համար ազատազրկման կամ այլ պատժի դատապարտված անձանց համար մասնագիտական ուսուցման իրավունքի և այդ իրավունքի իրականացման համար մեխանիզմների ամրագրմամբ:
«Գործող քրեակատարողական օրենսդրությամբ ներկայումս դատապարտյալն ունի համապատասխան իրավունք, բայց, ուսումնասիրելով միջազգային փորձը, կարծում ենք, որ դատապարտյալը ևս մեկ իրավունքի անհրաժեշտություն ունի՝ դա մասնագիտական ուսուցումն է»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Ս.Քրմոյանի, ուսումնասիրելով միջազգային փորձը, շատ կարևոր լուծում են առաջարկում. «Պատիժը կրող անձն ազատվելուց վեց ամիս առաջ օրենքի ուժով դառնա Զբաղվածության պետական ծառայության շահառու և, ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավորություն ունի ներկայացված նախագծերով 6 ամիս առաջ իրազեկել քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին, որ մասնագիտական ուսուցման ծրագրեր կան, եթե դատապարտյալը ցանկանում է մասնակցել, ապա քրեակատարողական հիմնարկի ներսում կապահովվեն մասնագիտական ուսուցումը: Օրինակ՝ որոշակի արհեստներ, լեզուներ, համակարգիչ կսովորեն, հմտություններ, գիտելիքներ ձեռք կբերեն»:
Նա նշեց, որ միաժամանակ երաշխքներ են ամրագրել, որ այն անձիք, որոնք դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակների (տուգանք, հանրային աշխատանքներ) և քրեակատարողական հիմնարկում չեն պատիժը կրում, նրանք նույնպես մնում են Զբաղվածության պետական ծառայության շահառուն ՝ օգտվելով համապատասախան ծառայություններից:
«Ակնկալում ենք, որ օրենքի ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կամրագրենք, որ Քրեական օրենսգրքով ամրագրված պատժի հիմնական նպատակները՝ դատապարտյալների ուղղում, վերադարձ լիարժեք ձևով հասարակություն, կրկնահանցագործությունների կանխում, կկարողանանք ապահովել»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ դատապարտյալների վերասոցիալականացման, վերաինտեգրման համար այս փոփոխությունը և դատապարտյալի ներգրավումն աշխատանքում շատ կարևոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում