ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ բանակցում են փաստաթղթում նաև տնտեսական բաղադրիչ ներառելու շուրջ. քաղաքագետ
«Նախօրեին կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցությունների հերթական նիստը, որը նվիրված էր պատրաստվող նոր իրավական շրջանակային փաստաթղթի վերջին կամ նախավերջին դրույթների հստակեցմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, բավականին ինտենսիվ, կոնստրուկտիվ մթնոլորտում են տեղի ունեցել բանակցությունները, կան լուրջ պայմանավորվածություններ, առաջընթաց փաստաթղթի հետ կապված:
Քաղաքագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ երկար ժամանակ են շարունակվում բանակցությունները, խոսում է այն մասին, որ և Երևանը, և Բրյուսելը որոշել են չստորագրել ձևական ինչ-որ փաստաթուղթ՝ ներառելով միայն քաղաքական բաղադրիչ:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է և ունի որոշակի պարտավորությունները, բավականին լուրջ փաստաթուղթ է պատրաստվում, Հայաստանն ու Եվրամիությունը բավականին ինտենսիվ բանակցում են փաստաթղթում նաև տնտեսական, առևտրային բաղադրիչ ներառելու շուրջ»,- ասաց Ս.Մինասյանը:
Ըստ նրա, կողմերը փորձում էին գոնե մինչև տարեվերջ հասնել բանակցությունների ավարտին, սակայն, ելնելով հենց այն հանգամանքից, որ ներառում են ոչ միայն քաղաքական, նաև տնտեսական բաղադրիչ, գործընթացը միգուցե երկարի:
Ս.Մինասյանը նշեց, որ դեկտեմբերին կողմերը հանդիպելու են Բրյուսելում, և եթե մինչ այդ վերջնական փաստաթուղթը պատրաստ չլինի, առնվազն հույսեր կան, որ Արևելյան գագաթաժողովի ժամանակ արդեն պատրաստ կլինի, որը կայանալու է հաջորդ տարվա գարնանը կամ ամռանը: