Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
ՀՀ կառավարությունը Հայաստանում բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կհատկացնի 20 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց ուսման վարձի փոխհատուցման հարցերը դարձել են ՀՀ սփյուռքի նախարարության համար առաջնահերթային, մշտապես քննարկվել են գործող միջգերատեսչական հանձնաժողովում, աշխատանքներ են տարվել համապատասխան գերատեսչությունների, համահայկական կառույցների, հիմնադրամների, ուսումնական հաստատությունների հետ կրթական խնդիրների օպերատիվ, արդյունավետ լուծման համար: Սակայն բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձերի հարցը շարունակում է մնալ որպես ամենամյա լուծում պահանջող խնդիր, քանի դեռ չի ավարտվել ուսման ողջ շրջանը:
Ներկայումս Հայաստանում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ըստ նախագծի հիմնավորման, ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ևս 20 մլն դրամ:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ ուսման վարձի խնդրի լուծումը պետք է շարունակել, քանի որ այն մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան