ՊՆ-ին մատակարարվող կարտոֆիլի հարցը՝ Ազգային ժողովում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարվող կարտոֆիլի հարցը:
Պատգամավորի խոսքերով՝ մատակարարողները կարտոֆիլը գյուղացիներից գնում են 40-45 դրամով, բայց զորամասերին հանձնում են 84-104 դրամով:
«Տեսնում եք՝ կրկնակից ավելի գնով են հանձնում զորամասերին: Նրանք պատճառաբանում են, որ հարկեր են վճարում, պահեստավորում են և բանվորական ուժ են կիրառում այս ամենի համար, բայց փորձը ցույց է տալիս, որ մատակարարներն ամենևին պահեստավորման հարց չեն լուծում, մեքենայով մոտենում են գյուղացիների պահեստներին, նրանք էլ բեռնում են բեռնատարները, իսկ զորամասերում բեռնաթափումն իրականացնում են զինվորները: Կարծում եմ՝ արդարացի կլինի, որ պաշտպանության նախարարության միջամտությամբ գյուղացուց գնվող ապրանքի գինը բարձրանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշեց, որ խնդիրը հստակ է՝ կարտոֆիլի, կաղամբի ու գազարի պարագայում մատակարարն իրականացնում է ծավալուն աշխատանք, գյուղացուց գնելուց հետո պահեստավորում է, որովհետև բանակը չի ընդունում այդ մթերքը միանգամից:
«Այսինքն՝ ոչ թե պահպանվում է մինչև վերցնելը, այլ մինչև զորամաս հասցնելը: Ինչ վերաբերում է կարտոֆիլի 81-104 դրամին, ճիշտ ասացիք, այդ գինն ուղղակի կապ ունի այն զորամասի հետ, որտեղ հասցնում են ապրանքը, և կիլոգրամի մեջ մինչև 14 դրամը դա վառելիքի ու տեղափոխման հետ կապված ծախսերն են: Ինչ վերաբերում է զինվորներին, եթե դուք ունեք որևէ փաստ, որ զորամասում զինվորը բեռնաթափում է պարենային մթերքով մեքենան, շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք անհապաղ դրա մասին հայտնեք, քանի որ դա անթույլատրելի է: Եթե լինեն նման դեպքեր, հետամուտ կլինենք, քանի որ դա պայմանագրային ծառայություն է, որ կատարվում է զորամասի ներսում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ իրականում հարցն ավելի խորքային է, վերաբերում է բանակի կողմից կատարվող գնումների խնդրին: Ըստ նրա՝ գնումների խնդիրը բացարձակ առաջնահերթություն է նախարարության համար:
«Մենք իրականում ունենք այդ ոլորտում լուրջ խնդիրներ, անելիքներ: Այս պահին ընթանում է մի շարք թերմատակարարված ապրանքների մթերում ՊՆ-ում: Խիստ դրվել է խնդիրը, որ մատակարարները պետք է հստակ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան