Իրան մեկնող ավտոբուսը Սյունիքում արգելափակվել է ձյան մեջ
Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «MAN» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ:
Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը:
ԱԻՆ-ից նշում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: