Վարչապետը հորդորել է հրաժարվել ձևականություններից
«Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»,-հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Կառավարության ղեկավարը ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ:
«Մենք հստակ, յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամանակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»,-ասել է նա:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից:
Վարչապետը հանձնարարականների վերաբերյալ առավել մանրամասն՝ կառավարության պաշտոնական կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան