Ընդամենը մեկ տոկոս են կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողները. Ա. Ալավերդյան
«Թող մի քիչ թվերի հետևից ընկնեն, դանդաղ քայլերով առաջ շարժվեն, բայց ամեն ինչ իրական լինի, ուսումնական հաստատությունները, որ ներառական են հայտարարվում, մի քիչ դանդաղ, բայց իսկապես լինեն այդպիսին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն՝ անդրադառնալով Հայաստանում ներառական կրթության մակարդակին:
Արմեն Ալավերդյանը պատմեց, որ վերջերս միջազգային մի կոնֆերանսի ժամանակ փորձագետներից մեկն ասել էր, որ արտաքին տպավորությամբ՝ տվյալներ, վիճակագրություն կամ ուղղակի տրամադրվող նյութերից կարելի է ասել, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանն առաջատարներից է, հատկապես հետխորհրդային երկրների շարքում: Բայց եթե որակական կողմը դիտարկենք և ուսումնասիրենք, կարելի է ասել, որ Հայաստանում ներառական կրթություն չկա ընդհանրապես. «Ես համամիտ եմ այս կարծիքին: Ներկայացվող թվերը ոգևորիչ են, սակայն մենք ունենք դպրոցներ, որոնց շենքային պայմանները մեծամասամբ հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար, ծրագրային առումով էլ մենք չունենք ադապտացված ակադեմիական ծրագրեր, որ երեխան ոչ միայն հաճախի դպրոց, այլ լիարժեք կրթություն ստանա»:
«Ունիսոն» ՀԿ նախագահի խոսքով՝ դպրոցի ներառական կրթության ժամանակ չպետք է նկատի ունենալ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլև անօթևան, բարդ ընտանեկան վիճակում գտնվող երեխաներին և այլն:
«Օրինակ՝ դաունի համախտանիշով երեխան հայաստանյան դպրոցներից մեկում իր մայրիկի հետ նստում է դասասենյակի մի անկյունում, մեկուսացած շփվում մոր հետ, դա կարող էր տանն էլ անել, նա չի շփվում համադասարանցիների հետ, չի ստանում կրթություն: Նույնիսկ բացասական պահ կա` երեխաների տպավորությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների մասին: Այսպիսի դեպքերում հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները չեն բացահայտվում, նրան ատեստատն ուղղակի կնվիրեն, իսկ բարձրագույն կրթության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Արմեն Ալավերդյանը:
Նա նշեց, որ բացի Ամերիկյան համալսարանից, մնացած բուհերը հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվողների համար, բացակայում է ակադեմիական ծրագրերի ադապտացումը, և ընդամենը մեկ տոկոս են կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողները:
«Պատերազմ, երկրաշարժ ունեցած Հայաստանում ընդամենը 6,7 տոկոսն ունի հաշմանդամություն, մինչդեռ աշխարհում 15 տոկոսն է կազմում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը»,-հավելեց նա՝ նշելով, որ հայաստանյան վիճակագրության թվերը հավատ չեն ներշնչում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան