Հայաստանում ոսկերչության զարգացման լավագույն պայմաններն են ստեղծվել. Գագիկ Գևորգյան
«Այս օրը պետք է լինի պատմական Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացման համար, քանի որ ամբողջ աշխարհի ինդուստրիայի ղեկավարները մեկ շաբաթով գտնվում են Հաաստանում և քննարկում են ոլորտին վերաբերող խնդիրները»,- այս մասին այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովի ժամանակ ասաց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյան:
«Հայաստանը մեկ շաբաթով դառնում է ոսկերչական աշխարհի կենտրոնը և մեզ վրա է սևեռված ամբողջ ինդուստրիայի ուշադրությունը: Մեկ շաբաթ այստեղ համաշխարհային մասշտաբով քննարկվում են ինդուստրիայի հետ կապված բոլոր խնդիրները: Այսինքն՝ այստեղ քննարկվում են հարցեր, որոնք հետագայում դառնում են օրենքներ ամբողջ աշխարհի երկրների ոսկերչական արդյունաբերության համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ ոսկերիչների գործունեությանը, Գագիկ Գևորգյանը նշեց, որ հայ ոսկերիչները աշխարհի լավագույն ոսկերիչներից մեկն են: «Որպեսզի կարողանանք մեր հայ ոսկերիչներին տասնյակ երկրներից բերել Հայաստան, որպեսզի յստեղ նրանք հիմնեն իրենց արտադրությունները, բիզնեսները, պետք է կարողանանք լավ մթնոլորտ ստեղծել: Բիզնես հիմնում են այնտեղ, որտեղ խաղաղություն է, որտեղ լավ տրամադրություն, վստահություն կա, և այդ բոլոր պայմանները երկրի ղեկավարությունը հիմա ստեղծում է»,- ընդգծեց Գագիկ Գևորգյանը:
Ըստ նրա՝ այսօր արդեն տարբեր երկրների ոսկերիչներ կարող են գալ Հայաստան և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում հիմնեն իրենց բիզնեսը՝ ազատվելով հարկերից: «Նախագահն իր այցով ցույց է տալիս, թե երկրի ղեկավարությունը որքան կարևոր է համարում ոսկերչական արդյունաբերության զարգացումը Հայաստանում: Իսկապես դա մեր տնտեսության ստրատեգիական ուղղություններից մեկն է: Կարծում եմ, որ երկրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այն զարգանա, ավել շատ մարդիկ գան և ներդրումներ անեն Հայաստանում»,- ասաց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահը:
Ոսկերիչների համաշխարհային համադաշնության` ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին նշեց, որ իրենք աշխատում են ավելի քան 41 անդամ երկրների հետ, համագործակցում են բազում կազմակերպությունների հետ: «Համաժողովի շրջանակներում քննարկվելու են տեխնիկական հարցեր՝ արտադրություն, հղկում և այլն, իսկ երկրորդ մասում քննարկվելու են կոորպորատիվ հարցեր՝ արտադրանքի տարածում, վաճառք, էթիկական նորմեր և այլն: Շատ կարևոր է ոսկերչական ոլորտում թե համագործակցությունը, թե արտադրության տարածումը»,- նշեց ասաց Գայետանո Կավալիերին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը
- Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում. Սերժ Սարգսյան