Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում. Սերժ Սարգսյան
«Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղ ունեն այս ոլորտի տարեգրության մեջ»,-սյս մասին այսօր Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) համաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքերով՝ հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծած գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել է զարգացում:
«Նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ և վաճառատներ Նյու Յորքում և Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ երկրներում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ, ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում, այդ ճյուղը հայտարարվել է երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը:
«Հայաստանում մի քանի տարի է, ինչ նշվոմ է ոսկերիչի ազգային օրը: Երևանում նույնիսկ ոսկերիչների փողոց կա, որը տանում է «Մերիդիան» կենտրոն»,- ասել է նախագահը:
Նշենք, որ Երևանի «Մերիդիան» ոսկերչական հատուկ տնտեսական գոտու տարածքում անցկացվող Ոսկեգործների համաշխարհային համադաշնության համագումարին մասնակցում են 84 պատվիրակներ 25 երկրներից: