Վարդան Արամյանը բյուջեի թերակատարման, ԾԻԳ-երի վերաիմաստավորման մասին
Այս տարեվերջին բյուջեի թերակատարումը կկազմի մոտ 60 մլրդ դրամ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Պաշտոնական թվերով, ըստ նրա, այս տարվա 9 ամիսներին բյուջեի թերակատարումն արդեն կազմել է 40 մլրդ դրամ, այսինքն՝ նախատեսված ցուցանիշի համեմատ այդքանով պակաս հարկեր են հավաքվել:
Նախարարի խոսքերով՝ օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ հարկային հավաքագրումների առումով այս տարի կունենանք թերակատարում:
«Այս տարվա համար պլանավորել ենք 1 տրիլիոն 129 մլդ դրամ հարկային եկամուտներ, որը ճշգրտված բյուջեով դարձել է 1 տրիլիոն 159 մլրդ: Դա ՀՆԱ-ի մեջ 20.7 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն է պարունակում: Բայց պետք է մենք ճշմարտությունն ասենք, որ մենք ծրագրել էինք, որ տարվա ավարտին կունենանք 4 տոկոս ՀՆԱ-ի դեֆլյատոր, բայց ամենայն հավանակությամբ կունենանք դեֆլյատորի գրեթե զրոյական գնային մակարդակ: Դա նշանակում է, որ մենք ծրագրված անվանական ՀՆԱ-ից շուրջ 300 մլրդ դրամ ցածր ՀՆԱ կունենանք: Իսկ 300 մլրդ-ը եթե բազմապատկենք 20.7 տոկոսով, միայն շուրջ 60 մլրդ մենք ունենանալու ենք այստեղ թերակատարում: Բնականաբար, չենք կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքենք, քանի որ ամեն գնով հարկեր հավաքելը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարողների կյանքը բարդացնել: Դա ոչ այլ ինչ է, քան տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և դու փորձում ես գերավճարների միջոցով այդ գումարները հավաքես: Դա պայթյունավտանգ է ՀՀ տնտեսության համար»,- ասաց Վարդան Արամյանը:
Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող շոկեր: Առաջինը դրսևորվել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման տեսքով, երկրորդը՝ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, որը ազդել է տրանսֆերտների և ներդրումների վրա: Դրա համար, ըստ նախարարի, պետք է նոր միջոցներ ներարկվեն տնտեսություն, իսկ դա տեղի է ունենալու պարտքի միջոցով:
«Մենք այս տարի համեմատաբար ավելի բարձր դեֆիցիտ կունենանք. ծրագրված 2.8 տոկոսի փոխարեն դեֆիցիտը կկազմի 5 տոկոսից բարձր»,- նշեց Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությանը, ֆինանսների նախարարն ասաց, որ 2017թ. համար պահպանողական վարքագծով բյուջե են ներկայացրել ԱԺ, ծրագրել են 2.8% պակասուրդ: Ըստ նրա՝ արտաքին պարտքը ՀՆԱ 50%-ից ավելի է, ինչը վտանգավոր չէ, բայց ահազանգող է ապագայի համար, ուստի պետք է զգույշ լինեն:
Անդրադառնալով ԾԻԳ-երի խնդրին՝ Վարդան Արամյանն ասաց, որ ֆինանսների նախարարությունը մտադիր է ոչ թե կրճատել ԾԻԳ-երը, այլ դրանց ունեցած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել:
«Հարկատուների գումարներին, որոնք պետք է արդյունավետ օգտագործվեն և լինեն հնարավորինս նպատակային: Եթե մենք ծախսում ենք այդ միջոցները՝ նպատակ ունենալով ստեղծել միայն նոր աշխատատեղ, որը տնտեսության համար նոր արժեք, արդյունավետություն ու նոր ծառայություններ չի ստեղծում, դա անարդյունավետ է: Դա հանգեցնում է նրան, որ մենք այսօր ունենք ցածր տնտեսական աճի ցուցանիշներ»,- նշեց նախարարը:
Ըստ Վարդան Արամյանի խոսքի՝ ֆինանսների նախարարությունն ունի 13 ԾԻԳ, որոնք կառավարում են 32 ծրագիր, աշխատողների թիվը կազմում է 356, իսկ պահպանման ծախսերը կազմում են 2,5 մլրդ:
«Ամբողջ համադրումները երբ վերլուծում ու դնում ենք իրար կողք կողքի, գալիս ենք վարչապետի հանձնարարականին՝ արդյո՞ք մենք կարող ենք նույն արդյունքն ապահովել՝ ավելի արդյունավետ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Կարծում եմ` այո: ԾԻԳ-երը մենք ոչ թե գլխատելու կամ ընդհանրապես դրանցից հրաժարվելու ենք, այլ դրանք վերաիմաստավորելու ենք: Մենք գնալու ենք ԾԻԳ-երի համախմբման գաղափարով»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան