Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
«Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր մեր պետականությանը և միանգամայն ուրիշ երկրում կապրեինք, եթե չլիներ հոկտմբերի 27-ը», -այսօր ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ 17 տարի առաջ այդ օրը զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին:
Դեմիրճյանի խոսքով, հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքները մինչ այժմ հաղթահարված չեն ու «զգացնել են տալիս»:
«Այդ ոճրագործությունը կատարվել է ներսի ստահակների կողմից: Ամեն ինչ արվեց ոճրագործությունը կոծկելու համար: Կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու, հակառակը», -հավելեց պատգամավորը:
Հարցին, թե այսօրվա իշխանությունները դեր ունե՞ն ոճրագործության չբացահայտման հարցում, Դեմիրճյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ը առաջին հերթին վերաբերում է այն իշխանությանը, որի օրոք տեղի ունեցավ այդ ոճրագործությունը»:
Հիշեցնենք՝ 17 տարի առաջ, այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։
Այդ օրը զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Ռուբեն Միրոյանը, Արմենակ Արմենակյանը և Լեոնարդ Պետրոսյանը:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան