Շարմազանով. «ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր՝ Կարեն Կարապետյանի»
Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ կուսակցությանն անդամակցության հարցն այսօրվա ԳՄ նիստում չի քննարկվել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Գոնե այսօր նման հարց չենք քննարկել: ԳՄ-ում ոչ վարչապետի ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության խնդիրն ենք քննարկել, ոչ էլ որևէ մեկ այլ գործընկերոջ անդամակցության հարցը: Երբ որ ժամանակը գա, կքննարկենք»,- նշեց նա:
Նշենք, որ ըստ մամուլում հրապարակումների՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան առաջիկայում համալրելու է ՀՀԿ-ի շարքերը:
Հարցին, թե վարչապետը դիմել է ՀՀԿ-ին անդամակցելու հարցով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ կուսակցությանը անդամակցելու համար դիմի, չդիմի՝ նա Հայաաստանի հանրապետական կուսակցության թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է և մենք լիարժեքորեն, իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությանը:
ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»: