Միքայել Թարիվերդիևի կինը. «Մոսկվայում ամենալավ խաշը իմ պատրաստածն է»
Ազգությամբ հայ անվանի երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված «Հիշիր այս պահը» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում Երևանում կայանալու է երկու համերգ: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն կոմպոզիտորի երգեհոնային ստեղծագործությունները` անվանի երգեհոնահար Լադա Լաբզինայի կատարմամբ, հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հեղինակի դասական և կինոերաժշտության երեկոն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Մերիդիան» վոկալ տրիոյի, Ալեքսեյ Գորիբոլի (դաշնամուր), Արմեն Մեսրոպյանի (թավջութակ), մենակատարներ` Թերմինե Զարյանի (սոպրանո), Դավիթ Բաբայանցի (բարիտոն) մասնակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսեյ Գորիբոլն ասաց, որ երևանյան համերգը փառատոնի կենտրոնական միջոցառումներից է:
«Առանց երևանյան համերգի, որտեղ գտնվում է Արամ Խաչատրյանի տունը, ով եղել է Թարիվերդիևի դասախոսը, այս փառատոնն անհնար է պատկերացնել: Շատ ենք սիրում Երևանի մթնոլորտը, անմիջապես զգացվում է ակադեմիական երաժշտական մշակույթի ավանդույթները: Շատ ուժեղ են այդ ավանդույթները»,- նշեց դաշնակահարը:
Կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևանն ասաց, որ Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյա հոբելյանը չէին կարող չնշել նաև Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում համերգներ արդեն եղել են Նյու Յորքում, Փարիզում, Տալլինում, Համբուրգում, Թբիլիսիում, հոկտեմբերի 29-ին համերգ է կայանալու Ստեփանակերտում՝ Ղարաբաղի կամերային նվագախամբի հետ:
Հարցին, թե մտավախություն չունե՞ք որ Արցախ այցից հետո կհայտնվեք Ադրբեջանի սև ցուցակում, Վերա Թարիվերդիևան ասաց, որ ինքն արդեն այդ ցուցակում է. «Երկու տարի առաջ մենք Արցախում անցկացրեցինք Թարիվերդիևի օրեր:
Երևան վերադառնալուց հետո հանդիպեցինք լրատվամիջոցներին: Հարց հնչեց՝ չե՞ք վախենում հայտնվել Ադրբեջանի ցուցակում: Ես պատասխանեցի՝ կվիրավորվեմ, որ չլինեմ այդ ցուցակում: Հաջորդ օրը ադրբեջանական մամուլում նյութեր հրապարակվեցին՝ «Մենք չենք կարող մերժել նման կնոջը» վերնագրով»:
Հարցին, թե Միքայել Թարիվերդիևը լինելով հայ՝ որտե՞ղ էր արտահայտվում հայկական արմատները, նրա կինը պատասխանեց. «Մոսկվայում ամենալավ խաշը իմ պատրաստածն է»:
Հոկտեմբերի 28-ին Արամ Խարատրյանում կայանալիք համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Նրա ներկայացմամբ՝ համերգին հնչելու են հիմնականում կոմպոզիտորի կինոերաժշտությունը, լինելու է նաև դասական ստեղծագործություն՝ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված բավականին բարդ ու հետաքրքիր կոնցերտը, գործեր, որոնք առաջին անգամ են հնչելու Երևանում:
«Թարիվերդիևը տարբեր ժանրերում է ստեղծագործել, ունի դասական լուրջ ստեղծագործություններ՝ ջութակի, ալտի, դաշնամուրի համար գրված կոնցերտներ, օպերաներ: Բայց նրա մասին առաջին հերթին խոսում ենք իբրև կինոերժաշտության հեղինակ:
Ինչո՞ւ է Թարիվերդիևի մեղադին թափանցում մարդկանց սրտերն ու այդպես նստվածք տալիս, լսելով ստեղծագործությունը՝ հաջորդ պահին կրկին նույն հետաքրքրությամբ լսում ենք: Մի անգամ կոմպոզիտորին հարց են տվել՝ ինչո՞ւ է ձեր կինոերաժշտությունն այդքան թովիչ և մնայուն: Պատասխանել է՝ «Ֆիլմի համար երաժշտություն գրելուց առաջ թափանցում եմ հերոսի ներաշխարհը, ում որ պետք է երաժշտությամբ ներկայացնեմ, նկարագրեմ, աշխատում եմ նույնանալ նրա հետ ու այդպես բխեցնեմ հերոսի ամբողջ երաժշտական կերպարը»: Պարզ ու հասկանալի բացատրություն, բայց դրան հասնելու համար արվեստագետը, կոմպոզիտորը պետք է շատ ճանապարհ անցի, հասունանա, իմաստնանա: Ամենամեծ պարզությունը բարդությունները հեշտացնելն է, ինչը որ հաջողվել է կոմպոզիտորին»,- աաց Ռ. Ասատրյանը: