Հոկտեմբերի 27-ից պետք է դասեր քաղենք. Շարմազանով
Այսօր Ազգային ժողովի բակում, Հոկտեմբերի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով հուշակոթողին:
«Հոկտեմբերի 27-ը լրջորեն հետ գցեց մեր երկրի զարգացումը: Այդ քայլն ուղղված էր մեր պետականության զարգացման դեմ և այն, որ գլխատվեց հայոց պետականությունը, սա փաստ է», -ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե կատարավածի մեջ հնարավո՞ր է դրսի հետք լինի, Շարմազանովն ասաց, որ չի կարող ասել, քանի որ այդ տարիներին քաղաքականության մեջ չի եղել:
«Իրավական թեմաներով չեմ խոսի: Հանցագործները ձերբակալված են, բոլո՞րն են ձերբակալված, թե՞ ոչ, չեմ կարող ասել, չեմ տիրապետում: Ես քաղաքական գնահատական եմ հնչեցնում՝ կատարվածը լուրջ մարտահրավեր էր մեր պետությանը, դա մեր պետության ամենացավալի էջերից մեկն էր ու պետք է դասեր քաղենք, որպեսզի մեր երկրում որևէ մեկը ոչ ոստիկանի վրա կրակի, ոչ քաղաքացու, ոչ ընդդիմադիրի վրա կրակի, ոչ էլ իշխանավորի», -հավելեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե իր կարծիքով բացահայտվա՞ծ է «հոկտեմբերի 27-ը» և չունի՞ արդյոք կասկածներ, պաշտոնյան պատասխանեց, որ կասկածներ յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ ու հավելեց.
«Ես քրեական գործին ծանոթ չեմ, բայց ինչքան ես գիտեմ, գոնե ոճրագործությունն իրականացնողները պատժված են: Եթե Միացյալ նահանգների նման երկրում Քենեդու սպանությունը բացահայտված չէ, Հայաստանի նման փոքր երկրում ես ինչպե՞ս կարող եմ հաստատել կամ հերքել»:
Հիշեցնենք՝ 17 տարի առաջ, այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։
Այդ օրը զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Ռուբեն Միրոյանը, Արմենակ Արմենակյանը և Լեոնարդ Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան