Բանակցային գործընթացը բացի հանդիպումների ֆորմատից, այս պահին որևէ լուրջ բաղադրիչ չի պարունակում. քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որն այս անգամ իր մեջ ներառել էր նաև այց ԼՂՀ, հիմնական նպատակն էր քննարկել հակամարտող կողմերի հետ վստահության մեխանիզմների ձեռքբերման հարցում հնարավոր առաջընթացի, ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցերը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ցավոք, այն տպավորությունն է, որ ադրբեջանական կողմն այս հարցում խուսափում է կտրուկ հրաժարվել արդեն Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից, սակայն փորձում է տեխնիկական, քաղաքական միջոցներով հետաձգել այդ գործընթացների իրականացումը: Սա նշանակում է, որ բուն բանակցային գործընթացը հեռու է առաջխաղացումից»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի, համանախագահներին պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը, որը բացի հանդիպումների ֆորմատից, այս պահին որևէ լուրջ բաղադրիչ չի պարունակում:
Խոսելով դեկտեմբերին ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, Ս.Մինասյանն ասաց, որ գուցե ԵԱՀԿ գործող նախագահող երկրի՝ Գերմանիայի հետ մեկտեղ փորձեն կազմակերպել նաև երկրների նախագահների հանդիպում. «Այս առումով բավականին հոռետեսական տպավորություն ունեմ: Դժվարանում եմ ասել՝ ընդհանրապես նպատակահարմարությունը կա, թե ոչ, եթե այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ձևական առաջխաղացում չենք տեսնում»:
Հարցին, թե մոտ պագայում հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալ, քաղաքագետն ասաց, որ չի կարծում տեսանելի ժամանակահատվածում, նույնիսկ տասնամյակներ ընթացքում, լինի առաջխաղացում, որն առնվազն կբավարարի հակամարտող կողմերի, հասարակության, քաղաքական վերնախավի մոտեցումներին:
«Արցախյան հակամարտությունը դասական էթնոքաղաքական շատ բարդ հակամարտության օրինակ է, որն անցել է շատ լուրջ և շարունակում է մնալ ռազմական զարգացման էտապում: Նմանատիպ հակամարտությունը հեշտ չեն լուծվում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերին Համբուրգում կորոշվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին. Հայտարարություն
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները
- Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք
- ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Բաքու Ադրբեջանին բանակցային ուղեծիր վերադարձնելու
- Ջեյմս Ուորլիքը խոսել է Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման մասին