ՀՀ ԶՈՒ-ն ունի բացարձակ առավելություն՝ օպերատիվ մարտավարական ժամանակակից միջոցների առումով. Ս.Մինասյան
«Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցածր կամ միջին աստիճանի էսկալյացիան բացառված չէ, բայց մյուս կողմից տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ այս պահին լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հնարավորությունը թեև մնում է, բայց այդքան էլ բարձր չէ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, լայնամասշտաբ պատերազմի գինը Ադրբեջանի համար ավելացել է ու ավելի տեսանելի է դարձել:
«Ռազմատեխնիկական այն միջոցները, որոնք Հայաստանը ձեռք էր բերել և շարունակում է ձեռք բերել վերջին ժամանակները, հնարավորություն չեն տալիս լիովին խուսափել ցածր և միջին մակարդակի էսկալյացիայից: Դա դասական իրավիճակ է, երբ որ երկրները կարող են ապահովել ռազմավարական զսպումը՝ օգտագործելով և ռազմատեխնիկական, և ռազմաքաղաքական միջոցներ, բայց եթե կողմերից մեկը դժգոհ է այս իրավիճակից, ապա փորձում է ինչ-որ ձևով գնալ ցածր մակարդակի էսկալյացիայի՝ դա օգտագործելով որպես քաղաքական լծակ»,- ասաց քաղաքագետը:
Ս.Մինասյանի խոսքով՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հավասարակշռություն կողմերի միջև գոյություն ունի, այլ բան է, որ այդ բալանսը երբեք չի եղել սիմետրիկ, միշտ եղել է ասիմետրիկ. որոշ զինատեսկաներով ադրբեջանական կողմը միշտ ունեցել է առավելություն՝ ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկայի ավելի մեծ քանակ, այն դեպքում, երբ հայկական կողմերն ունեն հակաօդային պաշտպանության միջոցների առավելություն:
«Այս պահին Հայաստանի Զինված ուժերն ունեն բացարձակ առավելություն օպերատիվ մարտավարական ժամանակակից միջոցների առումով: Իրականում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հավասարակաշտությունը բավական բարդ, բազմաստիճան հասկացողություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ուղղակի տեխնիկայի քանակ, վիճակ, նաև մարտունակությունը, աշխարհագրական, պաշտպանական գծի առաձնահատկությունները, կառավարման միջոցները, արտաքին դերակատարների ներգրավման հնարավարությունը և այլն»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ այդ բալասնն ընդհանուր առմամբ պահպանվում է, դրա հետ մեկտեղ վերջին ամիսներին նաև ռազմատեխնիակական բաղադրիչի առումով որոշ զինատեսակներով հայկական կողմերը ստացան որոշ ուժեղացում:
«Դա չի վերաբերում «Իսկանդեր»-ներին, քանի որ դրանք եղել են Հայաստանի ԶՈՒ զինանոցում մինչև ապրիլյան իրադարձությունները: Ապրիլյան իրադարձությունների բնույթը, որ եղել է չորսօրյա և չի անցել ռազմավարական մասշաբների, մեծամասմաբ պայմանավորված էր նաև «Իսկանդեր»-ի և այլ հեռահար հրթիռային կայանների առկայությամբ»,-ասաց Սերգեյ Մինասյանը: