Ազգային ժողովը քննարկում է ՀԾԿՀ 2017թ. գործունեության ծրագիրը
Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց Հանձաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիրը:
Նրա խոսքերով՝ հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարի սահմանման մասով, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման անցկացման բնագավառները և ջրային ոլորտը:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ոլորտների իրավական դաշտի կարգավորումը՝ որպես պարբերական գործընթաց, հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկն է, ուստի Հանձնաժողովը 2017թ. շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտներին վերաբերող իրավական ակտերի լրամշակման և կատարելագործման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրագործմանը:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների հիման վրա Հանձնաժողովը կնախաձեռնի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի լրամշակումը, որի շրջանակում նախատեսվում է օրենքով ամրագրված՝ հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգի համապատասխանեցումը Սահմանադրությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա մշակված՝ ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացմանն ուղղված իրավական 5 գործողությունների ծրագրին:
Բացի այդ, կարևորելով էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի աստիճանական ազատականացման, միջպետական առևտրի խթանման անհրաժեշտությունը և հաշվի առնելով միջազգային կառույցների առաջարկությունները՝ 2017 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ վերանայել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը՝ ներդնելով էլեկտրաէներգետիկական շուկայի առավել արդյունավետ աշխատանքին ուղղված կարգավորման նոր գործիքներ:
2017թ-ին կշարունակեն աշխատել նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ՝ հանրային ծառայությունների ոլորտին առնչվող տարբեր ուղղություններով ակտերի իրավակարգավորման ուղղությամբ:
Ռոբերտ Նազարյանը նշեց նաև, որ փոփոխություններ են նախատեսվում լիցենզավորման վերաբերյալ իրավական ակտերում, ինչը կնպաստի համապատասխան ոլորտներում լիցենզավորման գործընթացի բարելավմանը և հստակեցմանը:
«Լիցենզավորման գործառույթը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության բացակայության կամ սահմանափակ մրցակցության դեպքում կարգավորվող բնագավառներում գործունեություն իրականացնող ընկերությունների համար հավասարակշռել սպառողների և այդ ընկերությունների օրինական շահերը, վարել միատեսակ քաղաքականություն, դրանց չկիրառելու դեպքում լիցենզավորված անձանց նկատմամբ սահմանել համապատասխան պատժամիջոցներ»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:
Հանձնաժողովի գործառույթներից իր կարևորությամբ առանձնանում է նաև էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրության և համաձայնեցման գործընթացը, այդ թվում՝ ընկերությունների ներդրումային գործունեության արդյունքների վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկանքների կազմումն ու հրապարակումը:
Նշված աշխատանքների իրականացումը կարևորվում է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով:
«Ներկայումս հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր են իրականացնում ՀԷՑ-ը, «Գազպրոմ Արմենիա», «Հայկական ատոմակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր« ՓԲԸ-ները»,- ասաց Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ ներդրումները փորձում են ուղղել առավել վատթար բնակավայրերի սպասարկման բարելավմանը: