Մարզերի մասնակիցները շատ պատրաստված են. Արզաս Ոսկանյան
ՀՀ ԿԳՆ-ն, Հայաստանի երաժշտական ընկերությունն առաջին անգամ կազմակերպել են ազգային նվագարանների նվագախմբերի համահայկական մրցույթ-փառատոնը, որն անց է կացվում տարիքային 2 խմբում՝ մինչև 18 և դրանից բարձր:
Այսօր լրագրողների հետ հանդիպմաը «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանն ասաց, որ փառատոնի նպատակն է բարձրացնել ազգային նվագարանների անսամբլների կատարողական վարպետությունը, ամրապնդել ժանրերի ժողովրդայնացումը:
Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն էլ հայտնեց, որ մրցույթ-փառատոնին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերը՝ բացի Սյունիքը և Վայոց Ձորը, ինչ էլ պայմանավորված է նրանով, որ նրանց նվագախումբը պահանջված 12 հոգուց քիչ է. «Բոլոր մարզերում կան ազգային նվագարանների նվագախմբեր: Սկզբում մի քիչ վախ ունեինք, բայց հետո անակնկալի եկանք, քանի որ մասնակիցները շատ պատրաստված են: Ափսոսում եմ միայն, որ Շիրակից միայն մեկ նվագախումբ է մասնակցում»:
Նշենք, որ փառատոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից, կավարտվի հոկտեմբերի 31-ին: Գալա համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, մուտքն ազատ է:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ 2006 թվականին կառավարությունը ծրագիր ներկայացրեց ԱԺ-ին, որն էլ հաստատեց, որ բոլոր երաժշտական դպրոցներում ազգային նվագարաններ ուսուցանելը դիմորդի համար անվճար է լինելու, պետպատվերով և արդեն տասը տարի է ունենք այդ ցանկալի արդյունքը: