Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալեց պատանի հայ շախմատիստներին
Բաթումիում մեկնարկած մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մասնակիցները գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:
Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ ընդգծել է պատանի շախմատիստների՝ Հայաստանը պատվով ներկայացնելու հանգամանքը և նրանց հաջողություններ մաղթել մրցաշարի հետագա հանդիպումներում:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումից հետո տեղի է ունեցել այցելություն Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի, որտեղ պատանի շախմատիստներին բարեմաղթանքի և օրհնանքի խոսքեր է հղել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Աջարիայի, Իմերեթիայի և Գուրիայի հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Հիշեցնենք, որ մինչև 8, 10 և 12 տարեկանների աշխարհի այս առաջնությունում, որին մասնակցում են շուրջ 700 երեխաներ 66 երկրներից, Հայաստանից մրցողների թիվը 29 է:
Արդեն տեղի են ունեցել աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի պարտիաները:
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 4.5 միավոր:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն ու Դավիթ Գասպարյանը վաստակել են 4.5-ական միավոր:
Մինչև 8 տարեկանների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Սավվա Վետոխինը և Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր ներկայացուցիչներից Նիկոլայ Հովյանը վաստակել է 4.5 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հունգարիայի ներկայացուցիչ Գաալ Ցզոկան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սեդա Բադալյանը, ով վաստակել է 4.5 միավոր:
Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Էմմա Մխիթարյանը վաստակել է 3 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում