Վոլոդյա Ֆրանգուլյան. «Ուժերս խնայում էի եզրափակիչ գոտեմարտի համար, և չսխալվեցի»
61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի նորընծա չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանի համար այս տիտղոսն առաջինն էր մեծահասակների պայքարում: Հայ ըմբիշը, բնականաբար, ոգևորված է և Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում է զարգացնել հաջողությունը:
Վոլոդյա Ֆրանգուլյան.- Առաջին անգամ էի դառնում մեծահասակների Հայաստանի չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ: Առաջնությունն անցավ սպասվածի նման, քանի որ յուրաքանչյուր ըմբիշ, դուրս գալով մրցագորգ, ուզում է հաղթել: Այստեղից էլ ծնվում է մրցակցությունը:
Panorama.am.- Վոլոդյա, ի՞նչն էր քեզ մոտիվացնում այս առաջնությունում:
Վոլոդյա Ֆրանգուլյան.- Նախապես ասվել էր, որ միայն հաղթողները կմասնակցեն այս տարվա աշխարհի առաջնությանը: Ճիշտն ասած` սխալ է տրամադրվելն ու սպասելը, սակայն Հայաստանի առաջնությունում մրցում էի միայն առաջին հորիզոնականը գրավելու համար: Շատ ուրախ եմ և վստահաբար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր առաջնության մասնակցելիս մշտապես ձգտում եմ լինել առաջինը:
Panorama.am.- Կարո՞ղ ենք ասել, որ ամենաբարդը ստացվեց Գարիկ Բարսեղյանի հետ կայացած եզրափակիչ գոտեմարտը:
Վոլոդյա Ֆրանգուլյան.- Չեմ ցանկանում որևէ գոտեմարտ առանձնացնել, բայց բացի եզրափակիչ դիմակայությունից, մնացած բոլոր մենամարտերում հակառակորդներս երիտասարդ ըմբիշներ էին և միայն եզրափակչում էր փորձառու մրցակից, ուստի ավելի շատ ուժերս խնայում էի հենց վճռորոշ գոտեմարտի համար և չսխալվեցի:
Panorama.am.- Վոլոդյա, նախորդ տարիների համեմատ այս տարի նվազել է մասնակից ըմբիշների քանակը: Ի՞նչն է պատճառը:
Վոլոդյա Ֆրանգուլյան.- Այո, այս տարի մասնակիցների քանակը քիչ էր, սակայն ես չեմ, որ պետք է խոսեմ պատճառների մասին: Ես գործող մարզիկ եմ և աշխատում եմ զբաղվել միայն սպորտով` պատրաստվելով մրցաշարերին:
Panorama.am.- Տարեվերջին կկայանա մրցաձևի կարևոր ստուգատեսերից մեկը` աշխարհի առաջնությունը: Ինչպիսի՞ սպասելիքներ ունես:
Վոլոդյա Ֆրանգուլյան.- Համեմատած մյուս տարիներին` այս մրցաշրջանում քիչ մրցելույթներ եմ ունեցել: Անհամբեր սպասում եմ տարվա ավարտին կայանալիք աշխարհի առաջնությանը, որպեսզի ասեմ իմ խոսքը`լավ հանդես գամ և հասնեմ հաջողության:
Հռիփսիմե Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան