Ձերբակալվել է «աֆղանական Մոնա Լիզան»
National Geographic հայտնի ամսագրի առաջին էջում իր լուսանկարով հայտնի դարձած Աֆղանստանի փախստական կանանցից մեկը՝ Շարբաթ Գուլան, Պակիստանի իշխանությունների կողմից ձերբակալվել է: «ТАСС»-ի փոխանցմամբ, նա մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ:
«Russia Today»-ը մանրամասնում է՝ նշելով, որ 44-ամյա Գուլան (աղջկական ազգանունը՝ Բիբի) Փեշավար քաղաքում ապրել է կեղծ փաստաթղթերով, այստեղ էլ իր բնակարանում ձերբակալվել է: Ըստ աղբյուրի, պաշտոնյան, որը կնոջը տրամադրել է կեղծ փաստաթղթեր, նույնպես ձերբակալվել է, բայց հետո գրավի դիմաց ազատ արձակվել:
Նա ձերբակալվել է երեքշաբթի, իր տանը, որտեղ, ըստ իրավապահների, նա անօրինական է ապրել Աֆղանտսանից փախչելուց հետո:
Նշվում է, որ կնոջը սպառնում է մինչև 14 տարի ազատազրկում:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Գուլան համաշխարհային ճանաչում ստացել է այն բանից հետո, երբ 1985-ին նրա լուսանկարը հայտնվեց National Geographic ամսագրի առաջին էջում: Իր արտահայտիչ հայացքի համար Գուլային համեմատել են Լեոնարդու Դա Վինչիի «Մոնա Լիզայի» հետ:
Աֆղանստանի ճամբարում արված «աֆղանական Մոնա Լիզայի» լուսանկարի հեղինակը ամերիկացի լրագրող Սթիվ Մաքքարին է եղել: