Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը
Թուրքիայի տարածքում գազատարի պայթյունի պատճառով Իրանը գազի մատակարարումը Թուրքիա դադարեցրել է,-հաղորդում է իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ԻԻՀ ՆԳ նախարարության սահմանային հարցերով դեպարտամենտի գլխավոր քարտուղար Մաջիդ Աղաբաբային տեղեկացրել է, որ սահմանային Բազարգան շրջանի մոտակայքում Իրան-Թուրքիա գազատարը պայթեցվել է:
Իրանի գազի ազգային ընկերության մամլո խոսնակ Մաջիդ Բուջարզադեի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Բութաշ» ընկերությունն իրանական կողմին տեղեկացրել է, որ խնդիրների առաջացման պատճառով Թուրքիան չի կարող Իրանից գազ ներկրել, ինչի պատճառով էլ Իրանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 28-ին Թուրքիայի Աղրը նահանգով անցնող հատվածում ևս պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը, իսկ 2012թ. հոկտեմբերին նույն վայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 թուրք զինվորական էր վիրավորվել: