«Լոռի բերդ»-ի մուտքն արդեն դարպաս ունի
Մասնագետների երկար ու քրտնաջան աշխատանքից հետո վերջապես պատրաստվել և տեղադրվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասը,- այս մասին նշված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016թ․ աշխատանքային պլանով նախատեսված արգելոցի դարպասի տեղադրումը դարձել էր խիստ անհրաժեշտություն։ Այն կկանխի կենդանիների մուտքը արգելոցի տարածք, կնպաստի հուշարձանի տարածքի սանիտարական վիճակի պահպանմանը և, ի վերջո, արգելոցը այցելուների համար ավելի ներկայացուցչական կլինի հենց մուտքից։
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասի նախագիծը (հեղինակ՝ ճարտարապետ Հովհաննես Սանամյան) հաստատել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը։ Գեղարվեստական լուծումներով պատրաստված մետաղական դարպասն ունի արգելոցի պատմական ժամանակաշրջանին բնորոշ ոճ։ Դարպասին պատկերված է Կյուրիկյանների զինանշանին նմանվող խորհրդանշան։
Միջնադարյան Լոռե բերդաքաղաքի հյուսիսարևմտյան կողմում է գտնվում բերդի միակ կամարաձև մուտքը: Բերդապարիսպը իր աշտարակներով կառուցվել է XI դ. առաջին տասնամյակում: Բերդի մուտքի բացվածքը 3 մ 80 սմ է: Աջ կողմում կառուցված է կիսաբոլոր աշտարակ, որը հավանաբար քառանիստ է եղել և հետագայում է ձևափոխվել, դարձել կիսակլոր: Բերդի կամարակապ մուտքը միանում է Միսխանա գետի կիրճի եզրին կառուցված քառանիստ մի այլ աշտարակի հետ՝ 15 մ երկարության պատով: Մինչև միջնաբերդ կա նաև երկրորդ՝ ներքին մուտքը: Պահպանվել են այդ մուտքի երկու կողմերի փոքր աշտարակների հիմնապատերը: Առաջին և երկրորդ մուտքերի արանքում քառանկյուն հրապարակ է: Երկրորդ մուտքը առաջինի նկատմամբ տեղադրված է ոչ ուղիղ գծով: Լոռե բերդաքաղաքի կրկնակի դարպասների և մուտքերի՝ միևնույն առանցքի վրա չգտնվելը ունի պաշտպանական նշանակություն և ռազմական շինարարության մեջ եզակի չէ:
Լոռի բերդի մուտքը վերականգնվել է 2012-2013 թթ.:
Լուսանկարները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից: