Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում հեռանալ թիմից՝ մտադրվելով պայքարել հիմնական կազմում տեղի համար։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մանկունիանցիների շարքերը համալրել է այս տարվա հուլիսի սկզբին՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելով «ՄՅու» և 4+1 տարբերակով պայմանագիր կնքելով անգլիական ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում Անգլիայի առաջնության ընդամենը 4 հանդիպման է մասնակցել։ Վերջին անգամ Հենրիխն ասպարեզ է դուրս եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում։ Այդ ժամանակ նա խաղադաշտում հայտնվեց մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո։
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը միայն խորացրեց Մխիթարյանի վնասվածքը, որը նա ստացել էր Չեխիայի ընտրանու հետ Հայաստանի հավաքականի կազմում օգոստոսի վերջին անցկացրած ընկերական խաղում։
Մի քանի օր առաջ 27-ամյա հայ ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան նույնիսկ չընդգրկեց «Մանչեսթեր Սիթիի» հետ գավաթային հանդիպման հայտացուցակում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Յուրահատուկը» կարծում է, որ Հենրիխը մինչև հիմա չի հարմարվել անգլիական ֆուտբոլին և, ընդհանուր առմամբ, երկրին։
Չնայած ակումբում իր համար ստեղծված ծանր վիճակին, Մխիթարյանը չի պատրաստվում հեռանալ թիմից, այլ ցանկանում է պայքարել հիմնական կազմում տեղի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան