Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը
«Այսօր Անիմացիայի միջազգային օրն է: Հայաստանում օրը նշվում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի մեկնարկով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:
Նրա խոսքով՝ բավականին հագեցված ու հետաքրքիր ծրագիր ունեն: Գրանցվել է փառատոնի մասնակցության 2200-ից ավելի հայտ՝ 95 երկրից, փառատոնի ընթացքում ներկայացվելու է 450 ֆիլմ: Փառատոնի տնօրենի ներկայացմամբ, այս տարի «ՌեԱնիմանիա»-ի մրցութային ծրագիրը ընդգրկում է 5 մրցութային կարգեր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր, երաժշտական անիմացիոն տեսահոլովակներ:
«Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կներկայացվեն Կաննի փառատոնի մրցանակակիր, աշխարհահռչակ ռեժիսոր Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր կրիան», ֆրանսիացի վարպետ Ժան ֆրանսուա Լագիոնիի «Լուիզան ծովի ափին», Սիմոն Րուբիի «Ադամա», 2016 թվականի Անսի փառատոնի գլխավոր մրցանակակիր և «Օսկար»-ի հավակնորդ Կլոդ Բառայի «Իմ կյանքը՝ որպես դդմիկ», 2015 թվականի «Անսի» փառատոնի մրցանակակիր Քրիստիան Դեմարի ու Ֆրանկ Էկանսիի «Ապրիլն ու արտասովոր աշխարհը» և մի շարք այլ նոր ֆիլմեր: ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ կիրականացվի «Անկախ անիմացիա» ծրագիրը, որը ներառում է անկախության տարիներին արտադրած հայկական ֆիլմերը: Կներկայացվեն հայ անիմացիայի վարպետները. յուրաքանչյուր օր կնվիրվի մեկ վարպետի ժառանգությանը:
Փառատոնը բացվելու է Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր կրիան» ֆիլմով, որի մեծ մասը նկարահանվել է Ֆրանսիայում՝ բրիտանացի և ճապոնացի մասնագետների մասնակցությամբ:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ արդեն ութերորդ տարի իրենք մասնակցում են փառատոնին:
«Ամեն տարի մենք մեծ ակտիվությամբ և հաճույքով ենք մասնակցում փառատոնին: Պատահականություն չէ, քանի որ եվրոպական տարածաշրջանում արտադրվող անիմացիոն ֆիլմերի 40 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային»,- ասաց դեսպանը:
Նա համոզված է, որ հայ հանդիսատեսը փառատոնային օրերին կարող է իր համար բացահայտել շատ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր:
Լեհանատանի դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ առաջին անգամ է դեսպանությունը մասնակցում և մեծ հաճույքով է սատարում անիմացիոն ֆիլմերի փառատոնին: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նաև լեհական ֆիլմեր:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասաց, որ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Շեքսպիրյան ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շեքսպիրը՝ կադրում» ֆիլմերի շարքը: Այս շարքը նկարահանվել է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նշանավորվող միջոցառումների շրջանակում: Յուրաքանչյուր ֆիլմ ներկայացնում է Շեքսպիրի ողբերգությունից մեկ արար:
Փառատոնի շրջանակում Հայաստանում են տարբեր երկրներից հայտնի անիմատորներ:
Ասուլիսին ներկա Ֆրանսիացի անիմատոր Ժան Պոլ Կոմենը նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում ու մասնակցել փառատոնի ժյուրիի աշխատանքներին:
«Իմ այստեղ գտնվելը հնարավորություն կտա լավագույնս ծանոթանալ հայկական անիմացիայի աշխարհին»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մի օր կստեղծվի նաև հայ-ֆրանսիական համատեղ անիմացիոն ֆիլմ:
Ֆրանսիացի անիմատորն ընդգծեց, որ փառատոնի ութ տարվա կենսագրությունն ու գործունեությունը լավագույնս վկայում է փառատոնի կենսունակությունը:
«ՌեԱնիմանիա» 2016-ի պատվավոր հյուրն է անկախ անիմատոր Բիլ Փլիմփթոնը, ով ԱՄՆ-ի ամենահայտնի, տաղանդավոր անիմատորներից մեկն է։ Կաննի փառատոնի մրցանակակիրն երկու անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին The New York Times, Vogue, Vanity Fair և Rolling Stone հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդ կերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։ 2000-ականներին անիմատորի շրջանն երաժշտական էր. 2005-ին Փլիմփթոնը ստեղծել է տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի Heard 'Em Say երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։ Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ Guard Dog, Guide Dog, Hot Dog և Horn Dog:
Նա նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում ու ներկայացնել իր ֆիլմերը, անցկացնել վարպետության դաս: Անիմատորն ասաց, որ մինչ այժմ չի տեսել հայկական անիմացիոն ֆիլմ և լավ հնարավորթյուն է ծանոթանալու հայկական անիմացիային:
Հարցին, թե եթե մի օր Հայաստանի մասին ֆիլմ նկարահանեք՝ ի՞նչի մասին այն կլինի, ամերիկացի անիմատորն ասաց, որ նախքան Հայաստանը գալն ուսումնասիրել է պատմությունը, տեղեկացել, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը: Ըստ նրա, այդ հատվածում կարելի է զարգացնել զբոսաշրջությունը: Վրեժ Քասունին ասաց, որ այժմ անիմատորը նոր սյուժեի վրա է աշխատում և հնարավոր է Արարատ լեռից կադր օգտագործի ֆիլմում:
ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 3-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան