Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են
«Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Երևան-Արտաշատ ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են, անհրաժեշտ է դրանք լրացնել: Նման հանձնարարական է տվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով այսօր աշխատանքային այցով եղել է այդ հատվածում:
«Անկախ տարվող աշխատանքներից՝ առաջնայինը մարդկանց անվտանգության խնդիրն է, ճանապարհի երթևեկելի հատվածները, որտեղ աշխատանքներ են ընթանում, պետք է հնարավորին անվտանգ ու հարմարավետ լինեն»,-նշել է նախարարը:
Նախարարության հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շինարարության պատասխանատուները նախարարին հավաստիացրին, որ մոտ օրերս, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, այդ խնդիրը կլուծվի։
Վահան Մարտիրոսյանը նաև հանձնարարել է, որպեսզի շինարարական աշխատանքների տեղամասերը գիշերային ժամերին լիարժեք լուսավորված լինեն:
Նախարարը դիտողություններ է արել առկա թերությունների վերաբերյալ և կոնկրետ
հանձնարարականներ տվել: Մասնավորապես, նա անդրադարձել է աշխատանքների որակին՝ հորդորելով, որպեսզի դրանք իրականացվեն առավելագույն բարձր որակով և ավարտվեն նախատեսված ժամկետներում:
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին վստահեցրել է, որ ուշացումներ, առավել ևս որակի հետ կապված խնդիրներ չեն լինի։
Հիշեցնենք, որ Երևան-Արտաշատ հատվածում Մարմարաշեն համայնքի և Մասիս քաղաքի հատման հատվածում, Բուրաստան համայնքի տարածքում կառուցվում են նոր վերգետնյա ուղեանցեր: Մասիս քաղաքի, Այնթապ, Դիմիտրով, Ազատավան, Մասիս գյուղական համայնքներում վերականգնվում են վերգետնյա ուղեանցերը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Մարտիրոսյանը՝ էժան ավիատոմսերի, Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
- Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագրում կարող են ներգրավել նաև իրանական կազմակերպություններ. Վարչապետ
- Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղին պետք է կառուցվի բարձր որակով. նախարար
- Օլիգարխները մեջ-մեջ են անում «Հյուսիս-հարավը».«Հրապարակ»
- Արթուր Սարգսյան. Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները «հայելի» են սարքում