Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել. Արմեն Ռուստամյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, նշեց, որ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն:
«Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ պետք չէ ավարտել, որպեսզի հասկանալ, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը միևնույն է զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է: Տրամաբանորեն դա նշանակում է, որ մարդը չպետք է այդ ամենից այն կողմ դնի իրեն»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում: «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, դա ամենալավ մոտեցումն է: Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, քանի որ մի կողմ քաշվելը սխալ է, պետք է ամեն ինչ անել, որ երկրում սկսված պրոցեսներն արագ արդյունք տան, քանի որ մեր երկիրը դրա կարիքն ունի»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե քաղաքական դաշտն ունի՞ Գագիկ Ծառուկյանի կարիքը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ նրա կարիքն ունի իր շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործությամբ փորձում է օգնել. «Եթե էջեր ծալելու, հետո չբացելու մասին է խոսքը, այդ ծալած էջերը մնում են Հարվարդում: Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որ այդտեղ որևէ զարմանալի բան չկա, բազմիցս ծալված էջեր բացվել են»:
Դիտարկմանը, թե Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը համաձայնեցվա՞ծ է իշխանության հետ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի հետ՝ որպես իշխանության մասի, համաձայնեցված չէ: «Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի, մարդն ազատ մարդ է, կարող է տնօրինել իր ճակատագիրն ինչպես ուզում է»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին