Պաշտպանները Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խտրական վերաբերմունք են նկատել
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ, հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահների կողմից խտրական վերաբերմունք է նկատել:
Այս գործով նախաքննությունն իրականացնող նախաքննական մարմինը մեղադրում է Անդրիաս Ղուկասյանին, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
«Մեղադրանքում բոլոր տեղերում նշվում է երեքի անունները, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Մարտիրոսյանն ու Սանասարյանը ազատ արձակվել, իսկ Ղուկասյանը՝ ոչ: Ակնհայտ է դառնում, որ Անդրիաս Ղուկասյանի մասով կա հստակ հետապնդում՝ նրա քաղաքական հայացքների հետ կապված, որովհետև նման բան չէր կարող տեղի ունենալ:
Օրինակ, Դավիթ Սանասարյանի մասով վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է, որ նա լքի Հայաստանը և արտերկրում վերապատրաստման դասընթացների մասնակցեն», -նկատեց Պետրոսյանը՝ տարօրինակ համարելով Ղուկասյանի նկատմամբ նման վերաբերմունքը:
Ղուկասյանի մյուս պաշտպան Կարեն Մեժլումյանը նկատեց, որ նախաքննական մարմինը պաշտպանական կողմի բողոքները մերժելու համար որևէ փաստական հիմնավորում չի ներկայացնում:
«Դատարանները մեզ ինչ-որ բան են հուշում, ցույց են տալիս, որ գիտեք՝ չկա այդ հիմքը, բայց մենք ստիպված ենք նման բան անել, որովհետև սա էն դեպքն է, որ մենք չենք կարող արդարադատություն իրականացնել: Մենք միջնորդեցինք, որ նախաքննության մարմինը ներկայացնի այնպիսի մի փաստական տվյալ, որը հիմնավորում է, որը հիմնավորում է, որ Ղուկասյանը ազատության մեջ մնալով կխուսափի գործի քննությունից, բայց վարույթն իրականացնող մարմինը գեթ մեկ փաստական տվյալ չներկայացրեց:
Եվ դատարանն ինչ արեց՝ ընդամենը կալանքի երկարացման և գրավի միջնորդության մերժման հիմքում դրեց միայն մեղսագրվող արարքի ծանրությունը: Այդ որոշումներով դատարանները մեզ հուշում են, որ այս գործով մենք անելիք չունենք»,-հայտարարեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներով դա արգելվում է: