Անդրիաս Ղուկասյանի պաշտպանությունը պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը
«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով առկա նյութերով նախաքննական մարմինը պետք է անհապաղ դադարեցներ նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Այդ քրեական գործը պետք է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ այդ անկարգությունները իրականացվել են ոստիկանության ու ոստիկանության հետ համագործակցող սադրիչների կողմից», -հայտարարեց Մեժլումյանը:
Հուլիսի 29-ին Ազատության հրապարակում, այնուհետև դեպի Խորենացի երթը և հետո Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեսանյութերը, փաստաբանի խոսքով, սղագրվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև միջնորդել են դատախազին, որ քրեական հետապնդումը դադարեցվի:
«Այդ ամենի երևում է, որ ընդհանրապես, զանգվածային անկարգության ոչ կոչեր, ոչ էլ դրա հետ առնչվող արարք Անդրիաս Ղուկասյանը և մյուս մեղադրյալները՝ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը չեն կատարել», -նշեց փաստաբանը:
Ավելին, ըստ փաստաբանի, քաքական գործիչները հորդորել են չարձագանքել սադրիչներին, չտրվել սադրանքներին: Եվ Մեժլումյանը ենթադրում է, որ նման հորդորներով քաղաքացիներին դիմողները չէին կանխի բախումները, չէին հորդորի զերծ մնալ սադրիչների գործողություններից:
«Զանգվածային անկարգություն կազմակերպելու մասին խոսք չէր կարող գնալ, ուղղակի ոստիկանության աշխատակիցնրի շինծու ցուցմունքների հիման վրա առաջադրվել են անհիմն ու ապօրինի մեղադրանքներ», -իր հերթին հայտարարեց Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը:
Նրա պնդմամբ, Հայաստանի դատարանները այս գործով գտնվում են «քաղաքական պատվերի տակ» ու չեն բավարարում նույնիսկ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նրա պաշտպանները մի քանի անդամ բողոքարկել են կալանքի մասին որոշումը՝ միջնորդելով նրան ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը մերժել է բողոքները: Նա 30-ից ավելի օր մնացել է հացադուլի մեջ՝ բողոքելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունից: