Բրիտանական թանգարանում մատուցողը կոտրել է Վեներայի քանդակի մատը
Կիսամերկ մարմարե Վեներան, որը թվագրվում է մ.թ. I-II դարերով, զրկվել է մատից Բրիտանական թանգարանում աշխատող մատուցողի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այս շաբաթ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Տաունլիի հավաքածուից քանդակը, որը մ.թ.ա. IV դարի հունական քանդակի կրկնօրինական է, վնասվել է կորպորատիվ միջոցառման ժամանակ, երբ մատուցողը թեքվել է և հարվածել քանդակի աջ ձեռքին:
Թանգարանից հայտնել են, որ ներկա պահին քանդակն ամբողջությամբ վերականգնվել է և հասանելի է հանրությանը: Վեներայի քանդակի ցուցամատը նախքան Բրիտանական թանգարանում հայտնվելն էլի կոտրված է եղել:
Սիրո աստվածուհու քանդակը գտնվել է Հռոմում 1775 թվականին և գնվել է անգլիացի հայտնի կոլեկցիոներ Չարլզ Տաունլիի կողմից: 1805 թվականին նա վաճառել է արվեստի գործը Բրիտանական թանգարանին: Այդ ժամանակվանից ի վեր այն գտնվում է մշտական ցուցադրությունում: