Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը տեղեկացված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին: Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Վճռաբեկ դատարանի նախագահը այդ մասին իրավապահ մարմիններից տեղեկացվել է, բայց պաշտոնապես ձերբակալման մասին որոշում դեռ չի ստացվել: Այն, ըստ կարգի, ստացվում է 24 ժամվա ընթացքում», -փոխանցեց Խաչատրյանը:
Նշենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ, Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով:
Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել ձերբակալության պատճառների մասին, սակայն ԱԱԾ լրատվական ծառայության հեռախոսահամարին պատասխանող չկար:
Նկատենք, որ այս դատավորի անունը հերթական անգամն է հայտնվում նման աղմկալի պատմությունների մեջ:
Դեռևս նախորդ տարի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քաղաքացիական մի գործով դիմող քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցվել: Սակայն Արդարադատության խորհուրդը որոշել էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել, քանի որ այն հարուցելու հիմքեր չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում