Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
Երևանում տպարանի շենքի քանդման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
«Սեփականատիրոջ կողմից դիմում է եղել՝ տալ քանդման թույլտվություն: Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այս տարվա սեպտեմբերի վերջին տվել է քանդման թույլտվություն»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նրա խոսքով, շենքի պայթեցման եղանակով քանդման թույլտվության իրավասությունը Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունների շրջանակում է:
«Խնդրում եմ, այդ եղանակով քանդման վերաբերյալ բոլոր հարցերն ուղղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, մենք նման թույլտվություն տրամադրելու իրավասություն ու լիազորություն չունենք: Մենք պայթեցում իրականացնող չենք»,-ասաց Գևորգյանը:
Արդեն գետնին հավասարված տպարանի տարածքի սեփականատերը նախագիծ է ներկայացրել, ըստ որի դրա տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շինություն:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը Panorama.am-ի հետ զրույցում լրիվ հակառակ բանն ասաց՝ շենքի պայթեցման որոշում կայացնողը ԱԻՆ-ը չէ:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ընկերություններին տրամադրում է լիցենզիա, որ տվյալ ընկերությունն իրավունք ունի առհասարակ իրականացնել պայթեցման աշխատանքներ: ԱԻՆ-ը չի տալիս տվյալ օրը տվյալ վայրում շենք պայթեցնելու թույլտվություն: Այսինքն, շենք պայթեցնելու վերաբերյալ որոշում ԱԻՆ-ը չի տրամադրում, և տվյալ դեպքում նույնպես նման որոշում չի տրամադրվել»,-ասաց նա:
ԱԻՆ-ից ընդգծեցին, որ տպարանի շենքի պայթեցման ժամանակ ԱԻՆ գործառույթը սահմանափակվել է միայն անվտանգության ապահովմամբ:
«Ինչպես գիտեք ԱԻՆ պաշտոնական տեղեկատվությունից, տեղում անվտանգության կանոներից ելնելով հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ»,-ասաց Ն. Գնդոյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչն ավելացնում է. «Երեկ անձամբ եմ խոսել Նիկոլայ Գրիգորյանի հետ: Այդ մարդն ասել է, որ իրենք տվել են պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն: Բա հիմա ո՞նց ստացվեց, ինձ ուրիշ բան են ասում, ձեզ՝ ուրիշ բան»:
Ի դեպ, Արթուր Գևորգյանը հայտնեց, որ տպարանի շենքը ներկա սեփականտիրոջը վաճառվել է դեռ 2009 թվականից առաջ, երբ Երևանը համայնք չէր:
«Հետևաբար, շենքի վերաբերյալ ինֆորմացիա կարող է տրամադրել կադաստրի կոմիտեն»,-ասաց Գևորգյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ շենքի պայթեցման վերաբերյալ ահազանգ չեն ստացել:
Հիշեցնենք, որ նման «ձևով» քանդվել էր Աբաս միրզայի մզկիթի պատը: Սկզբում շինարարները քանդել էին իսկականը, հետո մի այլ պատի անունը դրել էին «մզկիթի պատ», որ ազգամիջյան աղմուկ չբարձրանա: Դե՝ իսկ այդ կեղծ մզկիթը քանդելն արդեն ոչ մի հետևանք չունեցավ:
Հարակից հրապարակումներ`
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան