Բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսը
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի համակարգող Հասմիկ Բադալյանի ներկայացմամբ՝ ստեղծագործական կարճատև ժամանակահատվածում նկարչուհին ստեղծել է 300 գեղանկար: Ցուցահանդեսում այսօր ներկայացված է 73-ը՝ Ազգային պատկերասրահի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Կան աշխատանքներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:
«Կենդանության օրոք Արփենիկ Նալբանդյանը երկու ցուցադրություն է ունեցել, 1967 և 2001-ին ունեցել է հետմահու անհատական ցուցահանդեսներ: Ընդմիջումները մեծ են: Համաձայնեք, որ նկարչուհին, ով վաղուց համալրել է հայ դասականների շարքը, պետք է հաճախակի ցուցադրվի:
73 աշխատանքով ներկայացրել ենք Արփենիկ Նալբանդյանի ողջ ստեղծագործական ուղին: Սա յուրահատուկ ինքնակենսագրություն է: Ներկայացնում ենք թբիլիսյան՝ ուսանողական ժամանակաշրջանի աշխատանքները՝ ներծծված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի շնչով, երևանյան առաջին շրջան, որն առանձնանում է թեմատիկ բազմազանությամբ և լուսաօդային հագեցած միջավայրով, 1950-60-ականների դիմանկարների ու բնանկարների շարք:
Դիմանկարներն առանձնանում են հոգեբանական և վերլուծական նրբերանգներով:
Դիտելով այդ նկարները՝ հաղորդակից կլինեք Արփենիկ Նալբանդյանի ընդհանուր մտքերին, խոհերին, կհասկանաք նրա արարման, ստեղծարար աշխարհը»,- ասաց արվեստաբանը:
Նկարիչ Մասիս Գրիգորյանը, ով եղել է Արփենիկ Նալբանդյանի ուսանողը, ներկայացնելով իր դասախոսին ասաց, որ նա ոչ միայն հոյակապ գեղանկարիչ էր, այլ նաև հոյակապ մանկավարժ:
«Նա շատ մտերիմ էր մեզ հետ, հետաքրքրվում էր մեր կյանքով, ինչպես ենք անցկացնում ժամանակը: Հնարավորություն դեպքում մեզ շատ էր օգնում: Թող ներեն այսօրվա հայ նկարչուհիները, ովքեր շատ տաղանդավոր են, շնորհալի, բայց, իմ կարծիքով, Արփենիկ Նալբանդյանի տեղը մինչև օրս մնացել է դատարկ: Տխուր փաստ է»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Արփենիկ Նալբանդյանի որդին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , նկարիչ, Գեղարվեստի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ապա նշեց. «Արփենիկ Նալբանդյանն իսկապես արժանի է, որ հիշենք իրենք: Նա իր արվեստով, շռայլ ու լայն վրձնահարվածներով կարող է հրապուրել մարդկանց»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր մշակույթի նախարար Արեմն Ամիրյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արվեստագետներ, արվեստաբաններ:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում: 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա: 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում
- Նկարիչներ Դմիտրի Նալբանդյանի քույրը, Էդուարդ Իսաբեկյանի կինը...Արփենիկ Նալբանդյան (լուսանկարներ)