Քաղաքագետ. ԵՄ-Հայաստան բանակցություններում երկու կողմից էլ խնդիր կա
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ԵՄ-Հայաստան բանակցություններում առկա են խոչընդոտները ոչ թե տեխնիկական են, այլ՝ քաղաքական:
«ԵՄ-Հայաստան բանակցություններ. իրատեսական գործընթա՞ց, թե՞ չափազանցված սպասումներ» թեմայով քննարկման ժամանակ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների մանրամասների մասին Ռուսաստանի տեղեկացված լինելու հանգամանքը բավարար չէ, որ Հայաստանը կարողանա Բրյուսելի հետ կնքել շրջանակային համաձայնագիր:
«Ի սկզբանե խնդիրը եղել է և մնում է Արևելյան գործընկերության նկատմամբ Ռուսաստանի ունեցած վերաբերմունքը: Եվ 2013-ին տեղի ունեցածը, և Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները կարելի է պատկերավոր մեկ բառով ասել, Ռուսաստանը փորձեց սպանել ԵՄ արևելյան գործընկերության քաղաքականությունը»,-ասաց քաղաքագետը:
Սաֆարյանի խոսքով, ինքն էլ մասնակից ու տեղյակ է եղել այդ բանակցություններին, գերմանական կողմը շահագրգռված էր, որ երկրների նկատմամբ ցուցաբերվի տարբերակված մոտեցում, որպեսզի առանձին երկրների հետ կապված փակուղիները վերանան:
«Բայց ես չեմ կարծում, որ գերմանական կողմի այս մոտեցումները նշանակում են Գերմանիայի ու Ռուսաստանի միջև համաձայնություն, այնպես որ Ռուսաստանը թույլ տա, որպեսզի Արևելյան գործընկերությունը վերախմբագրված շարունակվի: Հետևաբար իմ զգուշավորությունը պայմանագրի կնքման կապակցությամբ պահպանվում է, և ես այնքան էլ վստահ չեմ, որ պաշտոնապես սկսված բանակցությունները կարող են հիմք ծառայել դրա ստորագրման համար»,-ասաց ինստիտուտի նախագահը:
Քննարկման մասնակիցներից քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ նշեց՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի են ունենլու խորհրդարանական ընտրություններ, հնարավոր են ռիսկեր պայմանագրի ստորագրման համար:
«Բայց չպետք է մոռանալ, որ սրանք բանակցություններ են ու բանակցություններն ունեն երկու կողմ»,-ասաց Մինասյանը:
Նա հակված է կարծելու, որ կողմերի ակնարկած խնդիրներն օբյեկտիվ են, ոչ թե քաղաքական են, այլ՝ տեխնիկական:
«Քաղաքական կոմպոնենտով ասոցացման համաձայնագրի հետ կարծես խնդիր չկա: Անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ դա մեծ հաշվով քոփի-փեսթ ռեժիմով պետք է աշխատի: Ինչ վերաբերում է առևտրի հարցերին, խնդիրն այն է, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությունը, որը գտնվում է կայացման փուլում, շատ տեխնիկական կանոնակարգեր չկան, իսկ եթե չկան, դժվար է դրանք ադապտացնել եվրոպական պահանջներին»,-տեսակետը ներկայացրեց Ա. Մինասյանը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս փուլում Եվրամիությունն էլ շատ ակտիվ տրանսֆորմացիոն փուլում է:
«Այսինքն այստեղ խնդիր կա երկու կողմից էլ, նախ Եվրոպան է փոխվում, հետո Հայաստանն էլ պետք է իր տեղը գտնի ավելի մեծ համակարգում, որը կայացած չէ, այս ամեն ինչը իսկապես բերում է տեխնիկական խնդիրների»,-ասաց բանախոսը:
Նա կարևորեց հանգամանքը, որ բանակցություններում կողմերը կառուցողական մոտեցում են ցուցաբերում, բանակցությունները մեկնարկել են նախորդ տարվա դելտեմբերին, հիմա մեկնարկում է 7-րդ փուլը, այսինքն կա մտադրություն ակտիվ ավարտին հասցնել գործընթացը: