Ռուբեն Մալայանը կներկայացնի իր ուսումնասիրությունները Մեսրոպյան այբուբենի և գեղագրության արվեստի մասին
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում հոկտեմբերի 31-ին նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը հանդես կգա դասախոսությամբ՝ ներկայացնելով վերջին տարիների իր ուսումնասիրությունները Մեսրոպյան այբուբենի և գեղագրության արվեստի մասին: Այս մասին տեղեկանում ենք միջոցառման ֆեյսբուքյան էջից:
Ռուբենի ուսումնասիրության շրջանակները ներառում են նախքան հայկական այբուբենի ստեղծումը գործածվող տառային համակարգերից մինչև մեր օրերը:
«Գեղեցիկ գրելն արվեստ է, ես դրանում կասկած չունեմ: Թերևս հայկական գրի հետ կապված մեր ներկայիս խնդիրները պայմանավորված են նրանով, որ մենք չենք հիմնվում մեր իմացածի և մեր կողմից մոռացվածի վրա: Ես խորին մի համոզմունք ունեմ՝ մեր տառերը նախատեսված չեն պարզապես գրավոր բառերով հաղորդակցվելու համար: Դրանց բարդությունն ու պարզությունը շփոթեցնող է, ծագումն՝ անհասկանալի»,-ասում է նա:
Ձեռագրի գրությունն ունի անհատականություն և շատ ավելի մեծ էներգետիկա, քան տպագիրը. «Գեղեցիկ գիրը միշտ էլ խորհրդանշում է մտքերի, էմոցիաների, զգացմունքների և գեղագիտական հայացքների իլյուստրատիվ և անհատական դրսևորումը: Կարելի է ասել, որ տրամաբանությունը վերացնում է արվեստը, և այնտեղ, որտեղ սկիզբ է առնում տրամաբանությունը, արվեստն ավարտվում է»: