Փաստաբանը իր պաշտպանյալ դատավորին բնութագրում է որպես «շատ բարձր արժանիքներով օժտված անձնավորություն»
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ենադրյալ կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր նրա մասնակցությամբ մի քանի քննչական գործողություններ են կատարվելու: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Քննիչը մեզ հրավիրել է, պետք է մի քանի քննչական գործողություններ կատարվեն այսօր», -փոխանցեց փաստաբանը:
Էլբակյանը հատկապես վրդովված էր Ազգային անվտանգության ծառայության կողմից տեսանյութի տարածման կապակցությամբ, որը նա համարում է մարդու անմեղության կանխավարկածի խախտում: Հիշեցնենք՝ տեսանյութում երևում է՝ ինչպես է դատավորը քաղաքացուց վերցնում գումարը:
«Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դա և անմեղության կանխավարկածի մասին ընդհանրապես կարելի է չխոսել: Բոլոր նորմերը, որոնք օրենքով սահմանված են, դրանք խախտվել են», -փոխանցեց տիկին Էլբակյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են վիճարկել ԱԱԾ գործողությունները:
Հարցին, թե հնարավո՞ր է Իշխան Բարսեղյանի նկատմամբ կազմակերպված արշավ է, հատկապես հաշվի առնելով նաև նախորդ տարի նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, փաստաբանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող որևէ կարծիք հայտնել այդ մասին, քանի որ այդ մասին չեմ խոսել Իշխան Բարսեղյանի հետ»:
Էլբակյանը իր պաշտպանյալ դատավորին բնութագրում է որպես «շատ բարձր արժանիքներով օժտված անձնավորություն»: «Որպես դատավոր, ես քրեականի մասնագետ եմ, քաղաքացիական գործերով իր հետ չեմ առնչվել, սակայն իմ բոլոր կոլեգաները, ովքեր իր հետ առնչվել են, երբեք որևէ դժգոհություն չեն ունեցել», -հավելեց տիկին Էլբակյանը:
Դիտարկմանը, թե մի խումբ փաստաբանների շրջանում Բարսեղյանը համարվել է «վաշխառուների աջակից», նրա փաստաբանը արձագանքեց. «Առաջին անգամ ձեզանից լսեցի և կոլեգաներիս նման դիրքորոշումներին էլ ծանոթ չեմ: Այսօր յուրաքանչյուր անձի վերաբերյալ էլ, մանավանդ, երբ նա ընկնում է, լինում են և դրական, և բացասական կարծիքներ: Այսօր ոչ ոք, իմ կարծիքով, անսխալական չէ և բնականաբար, բոլորին նույն պրիզմայով նայել ու ասել, որ այդ մարդը շատ լավ է բոլորի համար կամ շատ վատն է բոլորի համար, հնարավոր չէ: Ինքը եղել է դատավոր և բնականաբար, երբ դատավորը մի կողմի օգտին վճիռ է կայացնում, մյուս կողմի համար պետք է լինի թշնամի: Այդպես է բոլոր տեսակի գործերով՝ թե քրեական, թե քաղաքացիական»:
Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործի վերաբերյալ դատավորի դիրքորոշմանը, փաստաբանն ասաց, որ որպես կասկածյալ որևէ ցուցմունք չի տվել: «Մնացած հանգամանքների մասին այս պահին ձեռնպահ եմ մնում որևէ բան ասելուց, քանի որ դա Իշխան Բարսեղյանի դիրքորոշումն է», -հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նույն գործով իր գործընկերոջ՝ քաղաքացիական գործերով փաստաբան Էլզա Զաքարյանի ձերբակալվելու փաստին, Էլբակյանն ասաց, որ նրան չի ճանաչում ու հավելեց. «Այդ մասին խոսել եմ Բարսեղյանի հետ: Նրա դիրքորոշման մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց Գլխավոր դատախազությունը ներկայացված միջնորդություններում նշել էր՝ «ոմն Էլզա» և հետո պարզվեց, որ նա փաստաբան է: Ես նրան նախկինում չեմ ճանաչել»:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որի համաձայն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և երևանյան գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Քրեական գործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ: Եվ դրանից հետո միայն Գլխավոր դատախազությունը ԱԽ-ին միջնորդել էր այս գործով մեղադրյալ ներգրավել ու կալանավորել նրան։ Արդարադատության խորհուրդը երեկ որոշել էր բավարարել դատախազության միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
- Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Դատավորը պահանջել և գետնանցումում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար. Մանրամասներ
- Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում