Կաշառքի գործով փաստաբան է ձերբակալվել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր, քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Իշխան Բարսեղյանի և քաղաքացու միջև միջնորդ լինելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նրա պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ինքը երեկ ուշ երեկոյան նախաքննական մարմնի կողմից ներգրավել է գործում:
Նրա խոսքով, ինքը երեկ հանդիպել է իր պաշտպանյալի հետ, և նա այս պահին ցուցմունք չի տալիս: «Նա կտրականապես հրաժարվում է ցուցմունք տալ, և դա նրա իրավունքն է», - փոխանցեց պարոն Ավետիսյանը:
Էլզա Զաքարյանը քաղաքացիական գործերով փաստաբան է:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որի համաձայն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և երևանյան գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Քրեական գործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ: Եվ դրանից հետո միայն Գլխավոր դատախազությունը ԱԽ-ին միջնորդել էր այս գործով մեղադրյալ ներգրավել ու կալանավորել նրան։ Արդարադատության խորհուրդը երեկ որոշել էր բավարարել դատախազության միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Դատավորը պահանջել և գետնանցումում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար. Մանրամասներ
- Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում