«Սինդիպոնն առնում են, բուրդը՝ չէ». Գյուղացին բուրդն իրացնելու խնդիր ունի
Սյունիքի մարզի Շաքի գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Հողագործությունն այստեղ այդքան էլ եկամտաբեր չէ, ոռոգման ջուր չունի գյուղը, բերքը ցանկալի քանակություն չի ապահովում, որ վաճառեն:
Այդպես է նաև Հարությունյանների ընտանիքը: 69-ամյա Զեմֆիրա Հարությույանի որդին թոշակի անցած զինվորական է, ոչխար է պահում: Անասնագոմը դատարկ է, կենդանիներին տարել է արոտի:
Տիկին Զեմֆիրան առողջական խնդիրներ ունի: Ասում է՝ կյանքը շատ լավ կլինի, եթե աշխատանք լինի, գյուղացու մթերքը գին ունենա ու գյուղացին կարողանա մթերքն իրացնել:
«Բայց գին չունի, կարտոշկեն 90 դրամ ա, դե էնքան տանջվի, որ էդքանով փող ստեղծես, ուսանող պահես: շատ դժվար ա», -ասում է տարեց կինը:
Ամռան ընթացքում տիկին Զեմֆիրան խուզել է իրենց ոչխարների բուրդը ու չի կարողանում իրացնել:
«Ոչ պետությունն ա վերցնում, ոչ էլ ժողովուրդն ա առնում: Սինդիպոնն առնում են քնում, բուրդը չեն առնում մշակեն: Գյուղացու էղածը չի ծախվում, ծախվելուց էլ էժան գնով, ջրի գին ու օոգուտ չունենք: Է, հենա, մնալու ա ցեցը ուտի, տանեմ թափեմ: Չեմ կարողանում փող ստեղծեմ, որ երեխուն սովորելու տամ», -հոգսերն է ներկայացնում նա: