Վանաձորում նոր բժշկական համալիր է կառուցվում
Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11,880քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հիշեցնում են՝ դեռևս 2013թ. Հանրապետության Նախագահը ներկա էր գտնվել այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին:
Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի և կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել բուժհաստատության մասնաշենքերում, ծանոթացել ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի համաձայն կենտրոնում ընթացող աշխատանքներին: ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ մարզերում իրականացվող հերթական՝ Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում, նախատեսվում է էապես բարելավվել բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ մարզի և հարակից տարածաշրջանների ամբողջ ազգաբնակչության համար անմիջապես տեղում` սեփական բնակավայրերին մոտ, արժանավայել պայմաններում հասանելի դարձնելով երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները, որպեսզի նրանք այդ նպատակով ստիպված չլինեն մեկնել մայրաքաղաք:
Մարզի պատասխանատուների կողմից բարձրացվել է կենտրոնի շահագործումից հետո, այն նեղ մասնագետներով ևս ապահովելու հարցը, որի կարիքը մարզն այսօր ունի: Առողջապահության ոլորտի պատասխանատուներին Նախագահը հանձնարարել է քննարկել խնդիրը և արդյունավետ լուծում գտնել ինչպես այս, այնպես էլ այլ մարզերում նման խնդիր ունեցող արդիականացված բժշկական կենտրոնների համար:
Արդիականացման ծրագրի շրջանակներում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրում, որից՝ ծննդատան մասնաշենքի կառուցման, ինչպես նաև բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով կահավորման նպատակով զգալի ներդրումներ է իրականացնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հիմնական մասնաշենքի կառուցումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այդ մասնաշենքի բժշկական սարքավորումներով և կահույքով ապահովման աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում հույսեր ունեն նորաբաց տեխնոլոգիական կենտրոնից
- Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը