Սերժ Սարգսյանը ստորագրել է Ընտրական օրենսգիրքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում կատարված վերջին փոփոխություններով ընտրություններից հետո ընտրողների ցուցակները կհրապարակվեն, ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ քվեարկության գործընթացը նկարահանելու համար:
Բացի այդ, ըստ փոփոխությունների, եթե ընտրողների ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ:
Քանի որ ապացուցելու բեռը դրվում է ոչ թե դիմումատուի, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, կառավարությունն առաջարկում է ազատազրկման պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ում հայտարարությունները կհամարվեն ոչ ճիշտ:
Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով, կամ ազատազրկում մինչև 2 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան