Երևույթ է ոչ միայն իբրև դաշնակահարուհի, այլ նաև իբրև քաղաքացի, մարդ
«Սվետլանա Նավասարդյանի անունը ոսկե տառերով գրված է մեր կատարողական արվեստի պատմության մեջ», - Panorama.am-ի հետ զրույցում այսպես սկսեց արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, Կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ Լիլիթ Եփրեմյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մասին իր խոսքը:
«Սվետլանա Նավասարդյանը միջազգային մասշտաբի անուն է, մեծ վարպետ և մեծ երաժիշտ: Երևույթ է ոչ միայն իբրև դաշնակահարուհի, այլ նաև իբրև քաղաքացի, մարդ, իբրև հենց երաժշտությունն ուսումնասիրող արվեստագետ»,- ասաց երաժշտագետը:
Սվետլանա Նավասարդյանը, ինչպես նաև Լիլիթ Եփրեմյանը, սովորել են ՀՀ վաստակավոր ուսուցիչ, պրոֆեսոր Վաչե Վահանի Ումր-Շատի դաշնամուրային դասարանում:
«Ումր-Շատը ստեղծել է իր շկոլան Հայաստանում՝ ուրույն, շատ հետաքրքիր, խորքային: Քիչ են այդ մարդիկ, ովքեր կարողացել են հասկանալ նրան և զարգացնել իր սկզբունքները: Ումր-Շատի մոտեցման ամենախորն իմաստն այն է, որ երաժշտությունը դեպի պարզություն, խորքային պարզություն, բնություն տանող ճանապարհ է, որտեղ չկա ձևականություն, սիրունություն, այլ կա պարզ գեղեցկություն, այդ գեղեցկությունը հենց բնական լինելն է»,- Վաչե Վահանի Ումր-Շատի դպրոցն այսպես ներկայացրեց երաժշատագետը:
Նրա խոսքով՝ Սվետլանա Նավասարդյանն իրեն ամբողջությամբ արտահայտում է իր մեկնաբանություններում` դա փիլիսոփայական մակարդակով մարդու և տիեզերքի ամենանուրբ շերտերը վեր հանող մտածողություն է: Նա շատ է գնահատում Ս.Նավասարդյանի ինտերպրետացիաները՝ որպես ինքնուրույն մոտեցումներ. «Իր միջով անցած ամեն մի նոտա իրենն է, ոչ ոք չի կարող այդպես նվագել: Ոմանք դա ամբողջությամբ ընդունում են, որոշ մարդիկ գուցե ինչ-որ բանի հետ համաձայն չլինեն: Բայց դա ինքն է, իր բնությունն է, մտածողություն է, շատ բարձր արվեստ է»:
«Երաժշտությունն, ընդհանրապես, մարդու հոգու հայելին է և երբեք չի ստում: Եթե մարդը կոցնում է իր մարդ լինելու արժանիքները, երաժշտությունն արդեն չի խոսում: Նավասարդյանի արվեստն ամբողջությամբ արտահայտում է իր հոգու հարստությունը, իր հզոր մտածողությունը: Նա թեև կին է, բայց հզորություն կա իր մեջ՝ մարդկային հզորություն, մարդու կամքի հզորություն, միաժամանակ խորը նրբություն, որը երբեք սեթևեթանք չէ, ձևականություն չէ, կոկետություն չէ, այլ վեհ գեղեցկություն է»,- ասաց Լ. Եփրեմյանը:
Այսօր դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը նշում է իր 70-ամյակը:
Սվետլանա Նավասարդյանը ծնվել է Ալավերդիում: 1965-1968 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1973 թվականին՝ ասպիրանտուրան։ 1974 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1981 թվականից՝ դոցենտ)։ Նվագացանկն ընդգրկում է Յո․ Ս․ Բախի, Լ․ Բեթհովենի, Ռ․ Շումանի, Պ․ Հինդեմիթի, Դ. Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Գագիկ Հովունցի, Մանսուրյան Տիգրանի ստեղծագործությունները: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Սվետլանա Նավասարդյանին. «Ձեր երաժշտական տաղանդը արժանի ճանաչում է գտել համաշխարհային մակարդակով` նվաճելով տարբեր մայրցամաքների ու բազմաթիվ երկրների բարձր բեմերը: Ձեր կատարողական արվեստի վարակիչ էներգիան հանդիսատեսին է փոխանցում մատուցվող ստեղծագործությունների այն ողջ դրամատիզմն ու ներքին հզորությունը, որ ունի իսկական երաժշտությունը: Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր ներդրումը մանկավարժության ասպարեզում: Ձեր ստեղծագործական արվեստանոցի բազում աշակերտներ արդեն կայացել են մասնագիտության մեջ` աչքի ընկնելով իրենց կատարումներով»:
(արխիվից)