Թալիշում Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին հուշարձան է բացվել
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ և տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին և հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին և պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ և կարևոր առաքելությունն էր կյանքում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները և, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, և այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ և իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանն ընդունել է Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հարազատներին
- «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Սիսիանի կամավորական ջոկատի կամավորներից մեկը
- Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները
- Ռմբակոծվել է Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը