Ժան-Պոլ Կոման՝ ինչպիսին պիտի լինի անիմացիան
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար Ժան-Պոլ Կոման: Նա այսօր երիտասարդ անիմատորների համար «Անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի արտադրություն և դրանց ընտրական գործընթացը եվրոպական փառատոներում» թեմայով դասախոսություն կարդաց:
Նախքան դասախոսությունը Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօր եվրոպական երկրներում անիմացիայի ոլորտը զարգանում է, ամենուր բացվում են անիմացիայի դպրոցներ, որոնք օգնում են երիտասարդ անիմատորներին զարգանալ, փորձ ձեռք բերել:
«Այս ոլորտում խնդիրները մեծ չեն և լուծելի են»,- նշեց Ժան-Պոլ Կոման:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում անիմացիան տարածված է, սակայն առավել շատ՝ Անգլիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Առաջատարը Ֆրանսիան է:
Ֆրանսիացի մասնագետի ներկայացմամբ՝ անիմացիայում այսօր օգտագործում են դասական տարրերից մինչև նորարարական լուծումներ. «Եթե հեռուսատեսության համար է՝ ավելի նորարարական է, իսկ եթե անկախ անիմացիա է, ավելի շատ հիմնվում են դասական ավանդույթների վրա»:
Հարցին՝ թե ինչպիսի՞ն պետք է լինեն փառատոնային անիմացիոն ֆիլմերը, Ժան-Պոլ Կոման ասաց. «Ամենագլխավորը՝ օրիգինալ, ռեժիսորը լինի տաղանդավոր: Շատ բան կախված է հենց ստեղծողից և տեխնիկայից»:
Նա համոզված է՝ ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, այնպես էլ անիմացիան, կարող են բարձրացնել հասարակությանը հուզող հարցեր և ազդել մարդկանց գիտակցության վրա: Այսօրվա անիմացիոն ֆիլմերի թեմաները, ըստ նրա, տարբեր են, արծարծում են տարբեր հարցեր:
«Թեմաները կախված են, թե տարիքային որ խմբի համար են նախատեսված: Հեռուստատեսային ֆիլմերն ավելի փոքր տարիքային խմբի համար են: Հիմնականում փորձում ենք անդրադառնալ երիտասարդներին հուզող հարցերին»,- նշեց նա:
Խոսելով հայկական անիմացիայի մասին, ֆրանսիացի անիմատորն ասաց, որ ընդամենը մի քանի կարճամետրաժ ֆիլմ է տեսել, հույս ունի, որ փառատոնի օրերին կծանոթանա հայկական անիմացիային:
Ինչ վերաբերում է անիմացիայի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը, Ժան-Պոլ Կոման նշեց. «Ոչ մի խնդիր չկա, որ խանգարի համատեղ արտադրությանը: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները Ֆրանսիայի, այլ երկրների հետ համագործակցելու համար: Ապագայում ես տեսնում եմ այդ համագործակցությունը»:
Հարակից հրապարակումներ`
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- «ՌեԱնիմանիա»-ն նպաստել է Հայաստանում անիմացիայի զարգացմանը. Վրեժ Քասունի
- Բիլ Փլիմփթոնը տեղեկացել է, որ Արարատ լեռան վրա իջել է Նոյան տապանը և խորհուրդ է տալիս հայերին այդ հատվածում զարգացնել զբոսաշրջությունը
- Եվրիմաժի ներկայացուցիչներն այցելելու են Երևան
- «ՌեԱնիմանիայի» շրջանակներում 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար