Ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողները
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի և Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմերը։ Հանդիպման ընթացքում ՀՖԿՍՊԻ թիմը հաղթանակ տոնեց 68-51 հաշվով։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության լրատվության բաժինը:
Այս տարի առաջնությանն առաջին անգամ մասնակցում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը: Ընդհանուր առմամբ` առաջնությանը մասնակցում էին 9 բուհերի թիմեր: 1-ին տեղը գրավեց ՀՖԿՍՊԻ թիմը, 2-րդը` ԵՊԲՀ-ն էր, իսկ 3-րդը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմը:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-3-ը կկայանան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի աղջիկների բասկետբոլի գավաթի առաջնությունը: Այնուհետև 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնությունը: Իսկ նոյեմբերի վերջին տեղի կունենա վոլեյբոլի մրցաշարը: Հաջորդ տարվանից խաղային ձևերում ուսանողական առաջնություններն անցկացվելու են լիգաների ձևով և ողջ տարվա ընթացքում:
17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում