Իտալիայում երկրաշարժից հետ շուրջ 8000 մարդ ստացել է օգնություն
Իտալիայում երկրաշարժից հետո շուրջ 8000 մարդ ստացել է անհրաժեշտ օգնություն: Նրանք տեղավորվել են հյուրանոցներում կամ ապաստարաններում: Սպասվում է, որ այսօր օգնության համար կդիմի ևս 3000 տուժած: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին:
Նշվում է, որ մարդկանց մի մասը գիշերում են մեքենաներում, վրաններում:
Նախօրեին Իտալիայում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Նորչա քաղաքի մոտ: Ցնցումները զգացվել են ողջ Իտալիայի տարածքում, այդ թվում նաև Հռոմում և կենտրոնական մասի մյուս մեծ քաղաքներում:
Նշվում է, որ երկրաշարժից հետո երեկ օրվա ընթացքում Իտալիայի կենտրոնական մասում արձանագրվել է տարբեր ուժգնությամբ 200 ցնցում:
Իտալիսյի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից հայտնել են, որ բնական աղետի հետևանքով 20 մարդ ստացել են վնասվածքներ:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Զոհեր, անհայտ կորածներ չկան», - ասել է ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:
Մարկե շրջանի ղեկավարը հայտարարել է, որ իր շրջանում շուրջ 100 հազար մարդ օգնության կարիք ունի: