Իրանական աղբյուր նշել է իրենց իրավունքներն իրացնելու հարցում ադրբեջանցի կանանց անկարողության պատճառը
Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնությունները կանխելուն ուղղված քայլեր չեն կատարվում,-այս մասին նշված է իրանական «Անաջ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանում կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին, ներկայացնում է հոկտեմբերի 24-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կանանց սպանության դեպքերը և նշում. «Այդ ընթացքում մի դեպքում ամուսինը կացնով սպանել է կնոջը, մի դեպքում ամուսինը նախկին կնոջը բենզինով այրել է, իսկ մյուս դեպքում՝ ամուսինը խեղդամահ է արել կնոջը»:
Շարունակելով միտքը՝ իրանական աղբյուրի մեկնաբանը հավելում է. «Ադրբեջանում կանանց նկատմամբ կիրառվող նման սարսափելի բռնությունները քաղաքացիական հասարակության և համապատասխան ոլորտի պատասխանատու պաշտոնյաների կողմից անտարբերության են արժանանում»:
Իրանական աղբյուրը, վերլուծելով Ադրբեջանում կանանց իրավունքների հետ կապված խնդիրները, նշում է. «Իրենց իրավունքներն իրացնելու հարցում ադրբեջանցի կանանց անկարողության պատճառն այն է, որ նրանք զրկված են հայրական ժառանգությունից ու «մեհրիե»-ից (երբ ամուսինը պարտավորվում է ամուսնանալիս սահմանված չափով ֆինանսական կարողություն գրանցել կնոջ անվանը), որն իսլամական ամուսնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է»: