Որո՞նք են ՏՏ ոլորտի ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները. Ներկայացնում է Հայկ Չոբանյանը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար մշակվում է նոր ռազմավարություն, որի նպատակն է ոլորտը դարձնել տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսերով՝ առաջիկա հինգ տարիների ռազմավարության նախագծի հիմնական ուղղություններն են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի ստեղծումն ու զարգացումը, կրթության որակի արմատական փոփոխությունը և աշխատուժի բարելավումն ու ձեռներեցության զարգացումը:
«Ռազմավարության ուղենիշերից մեկը՝ հայկական ՏՏ բրենդի առաջխաղացումն այսօր կրիտիկական խնդիր է աշխարհը գրավելու համար: Այլևս աշխարհը ոչ թե գրավում են ընկերությունները, այլ՝ երկրները»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Դրա համար, ըստ նրա, կարևոր են այն կրթական ծրագրերը, որոնք Հայաստանում իրականացվում է: «Մեր երկրի տեխնոլոգիական առաջխաղացման համար այդ ծրագրերը կարող են ամենամեծ ազդեցությունն ունենալ: Դրանք ներդրվելու են դպրողներում: Մենք այս ծրագրերի շնորհիվ հնարավորություն կունենանք դպրոցական տարիքից բացահայտել տաղանդներին: Ամեն անկյունում թաքնված այդպիսի երեխա կա»,- նշեց նա:
Երկրորդ դրույթը ձեռներեցության զարգացումն է: Հայկ Չոբանյանի խոսքերով՝ Հայաստանում պետք է բարձրանա ձեռներեցի ստատուսը, ձեռներեցը պետք է լինի առաջին տեղում, քանի որ ինքն է ստեղծում երկրի արժեքը. «Երբ մենք կարողանանք այս մշակութային հեղաշրջումը կատարել, արդյունքում կստեղծվեն այնպիսի ընկերություններ, որոնք երկրին մեծ օգուտներ կբերեն»:
Անդրադառնալով ռազմավարության մյուս կարևոր դրույթին՝ կրթական բաղադրիչին, Հայկ Չոբանյանն ասաց, որ կրթական համակարգում արմատական փոփոխություններ են հարկավոր:
« Մենք ունենք 2000-ից ավելի որակյալ մասնագետի կարիք: Այսօր բուհերն ունենում են տարեկան 1800 շրջանավարտ, մինչդեռ, նրանցից 900-ն են ի վիճակի աշխատել ոլորտում: Սա խղճուկ վիճակ է, պահանջարկի ու առաջարկի տարբերությունը հսկայական է և ամեն տարի այդ տարբերությունը մեծանում է: Դրան զուգահեռ, երիտասարդության շրջանում գործազրկությունը մեծ թիվ է կազմում: Դրա համար պետք է բարձրացնել կրթության որակը և խթանել ցանկացած նախաձեռնություն»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրենի խոսքերով՝ ներկայումս ՏՏ ոլորտի 20-25 % աճը բավարար չէ, առանց որևէ միջամտության էլ այդ աճը կապահովվեր: ՏՏ ոլորտի առաջխաղացման համար, ըստ նրա, պետությունը պարտադիր մասնակցություն պետք է ունենա:
Հիշեցնենք, որ այսօր Հայկ Չոբանյանը հայտարարել է՝ ՀՀ կառավարության նոր ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան